#МногоБукфф

Ես ուզում եմ հասկանալ, թե որ պահից մեր հասարակությանը համակեց այդ սենտիմենտը, որ ով բերդում նստել է, հերոս է, ընդ որում՝ ինչքան ավելի ծանր հանցագործության համար ու ինչքան ավելի շուտվանից, էնքան ավելի հերոս։

Երևույթը բնավ նոր չէ, բայց շատ հին էլ չէ։ Մարդասպան Մհեր Ենոքյանի պուպուշացման ֆլեշմոբն արդեն աչքերս մազոլ է արել, բայց, վստահաբար, դա չէ։ Մատաղիսի խմբակային սպանություն կատարողներին հանուն եվրոգրանտերի արդարացնելն էլի ճչուն է, բայց դա էլ այն չէ։ Սասնա ծռերն էլ չեն կարող հանդիսանալ որպես մեկնարկային կետ։ Ակնհայտորեն վրիպել է մեր ուշադրության այն կետը, երբ հանրային հոգեբանության մեջ ինչ-որ այլասերված բեկում մտավ։ Ու էդ բեկման արդյունքներից է նաև այն, որ ֆեյսբուքյան ու մեդիա որոշ հոսքեր ուսումնասիրելիս կարող է տպավորություն ստեղծվել, որ Արմենակ Մնջոյանը ոչ թե ահաբեկչության, սպանությունների ու նարկոտրաֆիկի գործերով էր ցմահ նստած, այլ իր վեհ գաղափարների։

Ու քանի վրա չեն տվել, բերեք ֆիքսենք, որ ինչ քաղաքական նրբերանգներ էլ լինեին ՀՅԴ-ի ու այն ժամանակվա իշխանությունների հարաբերություններում, ի՜նչ վեհ գաղափարներ էլ դրված լինեին «Դրոյի գործով» անցնող միավորի հիմքում, այդ մարդկանց ու այդ թվում՝ Մնջոյանի ձեռքերն արյունոտ են։ Նրան ցմահ ազատազրկման դատապարտել էին ռեալ կրիմինալի, ռեալ արյան համար, ու էստեղ կապ չունի, թե ինչպես եմ ես կամ ձեզանից ցանկացած ոք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՀՇ-ին, ՀՅԴ-ին ու գործի հետ որևէ աղերս ունեցող այլ միավորների։ Մեղքն ապացուցված էր ու ապացուցված էր այն աստիճան, որ ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի օրոք, երբ ռեաբիլիտացվեց ՀՅԴ-ն, ու բանտից ազատ արձակվեցին այս գործի պատրվակով դռբի տակ ընկած այլ դաշնակցականներ, նույն Մնջոյանը և ցմահ ազատազրկում ստացած նրա հանցակիցների նկատմամբ ո՛չ արդարացում, ո՛չ ներում չկիրառվեց։ Ճիշտն ասած՝ ես չեմ էլ տեսել, որ նրանցից որևէ մեկն ընդունի իր մեղքը կամ էլ ապաշխարի։

Բայց էլի եմ ասում՝ մենակ «Դրոյի գործով» անցնող մարդասպանների ու ահաբեկիչների հերոսացումը չէ խնդիրը։ Երևույթը շատ ավելի տարածված է։ Մեր հասարակությունը պատրաստ է հերոսացնելու Սասնա ծռերի ահաբեկիչ մարդասպաններին, պատրաստ է հերոսացնելու սառնասիրտ ու հաշվենկատ մարդասպան Մհեր Ենոքյանին, ու տպավորություն է, որ եթե Չիակտիլոյին չհասցնեին գնդակահարել, ինքն էլ այսօր տենց թոթոլ հերոսացու կլիներ։ Կարևորը՝ բերդ նստած լինես, հնարավորինս երկար նստած լինես ու հնարավորինս ահասարսուռ հանցագործության համար։

Եվ սա սարսափելի է, որովհետև ասածս հասարակական շերտը իռացիոնալ հումանիզմ ու մարդասիրություն է դրսևորում իրենց մեղքն անգամ չընդունած սառնասիրտ մարդասպանների նկատմամբ, ու նույն այդ շերտի ուշադրության ու հումանիզմի լուսանցքից դուրս են մնում այդ հանցագործների զոհերը, նրանց հարազատներն ու սիրելիները, որոնք շատ ավելի են արժանի կարեկցանքի ու հոգատարության, քան նրանք, ում ձեռքին արյուն կա, ու այդ արյունոտ ձեռքերով մարդկանց սիրելիներն ու հարազատները։

Գուցե ասածս կտրուկ հնչի, բայց այս խնդիրը տեղով շատ կտրուկ է։ Մենք մեր իսկ ձեռքերով կերտում ենք մի իրականություն, որտեղ գազանը հերոս է, զոհը՝ սրիկա, որը «հերոսին» անհարմարություն է պատճառել նրանով, որ հանդգնություն է ունեցել սպանվել «հերոսի» կողմից ու նրա ազատազրկման պատճառ դառնալ։ Դա ճիշտ չէ ոչ մի բարոյական կոդով՝ լինի դա քաղաքացիական թե կրոնական։ Դադարե՛ք մարդասպաններին սրբացնելու այս տխմար ընթացքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել