Եթե դուք ցանկանում եք զարգացնել ձեր ուշադրությունը և նկատել այնպիսի երևույթներ, որոնք հաճախ ուրիշները չեն նկատում, ապա ձեզ հարկավոր են այս վարժությունները։
Վարժություն № 1
Ուշադրությունը զարգացնելու ամենապարզ և արդյունավետ վարժությունը սովորական իրերը նկատելն է։
Վերցրեք որևէ սովորական իր (հեռախոս, գիրք, գրիչ) և դրեք ձեր առջև։ Որոշ ժամանակահատվածի ընթացքում փորձեք մտապահել այդ իրն իր բոլոր մանրունքներով։ Մտապահելուց հետո փակեք աչքերը և սկսեք վերարտադրել ձեր մտապահած իրը։ Կրկին բացեք աչքերը և կենտրոնացեք այն ամենի վրա, որը չէիք կարողացել հիշել առաջին անգամից։ Կրկին փակեք աչքերը և կատարելագործեք ձեր պատկերացրածը։ Այս վարժությունը շարունակեք այնքան ժամանակ, մինչև որ ամբողջությամբ կարողանաք պատկերացնել տվյալ իրը։
Վարժություն № 2
Առաջին վարժությունը բավականին լավ յուրացնելուց հետո փորձեք ձեր պատկերացրածը նկարել թղթի վրա։ Սկզբի համար կարելի է նկարել ինչ-որ պարզ բան, սակայն կարևոր է, որ ամբողջ նկարը պատկերացնելով նկարվի։
Իրը նկարելուց հետո նայեք նրան։ Ճի՞շտ է այն պատկերված։ Առաջին վարժության նման նկարեք այնքան ժամանակ, միչև որ իրն ամբողջությամբ պատկերեք։
Վարժություն № 3
Ուշադրությունը զարգացնելու համար շատ օգտակար է մտովի պատկերացնել որևէ ծանոթ սենյակի ներքին դասավորվածությունը։
Մտնելով սենյակ՝ ակնթարթորեն հայացք նետեք ողջ սենյակի վրա։ Փորձեք մտովի «լուսանկարել» սենյակը։ Ուշադրություն դարձրեք սենյակի պատերի գույնի, պաստառի նկարների և այլ մանրունքների վրա։
Դուրս եկեք սենյակից և փորձեք որքան հնարավոր է շատ բան հիշել։ Շուտով դուք կնկատեք, որ նմանատիպ բաներ հիշելը բավականին հեշտանում է։