Պեկինի Ֆուվայ հիվանդանոցի գիտնականները կանադական Մաքմաստեր համալսարանի իրենց գործընկերների հետ համատեղ պարզել են, որ օրական 8 ժամից ավելի քնելը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Հատկանշական է, որ քիչ քնելն ավելի քիչ վտանգավոր է, քան երկար շարունակվող քունը:

Չինացի և կանադացի մասնագետներն իրենց հետազոտությունն անցկացրել են 2003 թվականից՝ հաղորդում է Shine պորտալը: Այդ ընթացքում դրան մասնակցել է 35-70 տարեկան ավելի քան 116 հազար մարդ աշխարհի 21 երկրից:

Գիտնականները իրենց հետազոտության ընթացքում հաշվի են առել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ տարիքը, սեռը, վնասակար սովորությունների առկայությունը, ինչպես նաև ժառանգական հիվանդությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել զարկերակային ճնշման և արյունատար համակարգի հետ կապված խնդիրներին:

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական քնում են 8-10 ժամ, սրտային հիվանդությունների հավանականությունը 5%-ով ավելի է: Ովքեր քնում են մինչև 10 ժամ, նման խնդիրների բախվում են 17%-ով ավելի հաճախ: Իսկ 10 ժամից ավելի քնել սիրողները գտնվում են ռիսկային գոտում՝ սրտային խնդիրներ ունենալու նրանց հավանականությունը 41%-ից բարձր է:

Ինչպես պնդում են հետազոտողները, քնելու օպտիմալ ժամանակը օրական 6-8 ժամն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել