Armsport.am-ը գրում է.

Բրիտանական լրատվամիջոցները պարզել են, որ անցած ամիս Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին ոչ սթափ վիճակում վիճաբանել է օդանավակայանում:

Ինչպես հայտնում է BBC-ն, ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» 33-ամյա անգլիացի հարձակվողը դեկտեմբերի 16-ին ձերբակալվել է Վաշինգթոնի` Դալասի անվան օդանավակայանում այն բանից հետո երբ վերադարձել է Սաուդյան Արաբիայից, ուր այցելել էր Formula E-ի ավտոարշավին:

Պատկան մարմիններն արդեն հաստատել են այս տեղեկատվությունը: Ձերբակալման պատճառը հասարակական վայրում (մասնավորապես, օդանավակայանում) ալկոհոլի ազդեցության տակ հայհոյանքներ տալն է եղել:

Ռունին ազատ է արձակվել երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալու դիմաց:

Լաուդոն շրջանի դատարանի փաստաթղթերի համաձայն, հունվարի 4-ին ֆուտբոլիստը 116 դոլար տուգանք է վճարել:

«Դի Սի Յունայթեդը» ևս մեկնաբանել է այս միջադեպը.

«Մեզ հայտնի են այն հրապարակումները, որ Ուեյն Ռունին դեկտեմբերին բերման է ենթարկվել: Մենք հասկանում ենք ԶԼՄն-ների հետաքրքրվածությունը, բայց կարծում ենք, որ դա Ռունիի անձնական գործն է: Իրավիճակի վերաբերյալ հետագա մեկնաբանություններ չենք անելու»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել