Եկեք գոնե այսօր անկեղծ լինենք, եկեք նայենք իրերին, երևույթներին այնպես ինչպես կան իրականում։ Եկեք այսօր ինքներս մեզ չխաբենք ու պարզ նայելով խոստովանենք ու չտրվենք հռետորաբանությունների հերթական անիմաստ շարքին։

Նայենք ու ասենք, որ շատ հավանական է, որ գազը թանկանալու է։ Հավանական է, քանի որ Ռուսաստանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի սանկցիաների հետ կապված, դա իր ազգային շահից է բխում ու նորմալ է։ Բերեք ռեալ դատենք, բերեք մտածենք այնպիսի մեխանիզմներ օգտագործելու մասին, որ թանկացումը մեզ վրա գրեթե չանդրադառնա, օրինակ՝ վերջապես բոլոր գազալցակայանների խիստ հսկողություն (26% խաբում են բոլոր վարորդներիս), որոշակի տարբեր զսպման մեխանիզմներ և այլն։ Զզվելի է, երբ տեսնում եմ՝ գրագետ մարդը միտումնավոր մանիպուլյացիա է անում՝ թեման կապելով Ռոբերտ Քոչարյանի հետ, զզվելի է, երբ այս թեման ամեն կերպ անում են՝ ցույց տալու համար, որ սա մեր իշխանության ձախողումն է։ Տհաճ է, երբ կամավոր իշխանության փաստաբանի դերը ստանձնած մարդիկ էլ մտցնում են էմոցիոնալ դաշտ ու պաթետիզմով փորձում ներկայացնել թանկացումը՝ որպես բարտեր մեր սուվերենության հետ։ Բերեք կյանքին ռեալ նայենք, չկեղծենք մեզ ու չտրվենք ոչինչ չտվող էմոցիաներին, էմոցիայով չես կշտանա, իսկ ազնվությունն ու անկեղծությունն ամենաանհրաժեշտ բաներն են մեր երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել