Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հարյուրավոր երիտասարդ կանայք աշխատանքի էին անցնում Radium Corporation ժամացույցի արտադրամասում, որտեղ զբաղվում էին զինվորականների համար նախատեսված ձեռքի ժամացույցների թվատախտակները լուսավորող ներկով ներկելով, որն էլ իր մեջ ռադիում էր պարունակում:

Աշխատակցուհիները տեղյակ չէին, որ այդ տարրն ուժեղագույն բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Օրվա վերջում կանանց մարմինները խավարի մեջ լուսավորվում էին, իսկ որոշ ժամանակ անց նրանց ոսկորները բառացիորեն սկսեցին հալվել: Հենց այդ ժամանակ էլ կանայք սկսեցին պայքարել ԱՄՆ աշխատանքային օրենսդրության դեմ:

1917 թ. ապրիլի 10-ին 18-ամյա Գրեյս Ֆրայերն աշխատանքի անցավ, որը գտնվում էր Նյու Ջերսի նահանգում: ԱՄՆ-ն արդեն 4 օր էր, ինչ մասնակցում էր պատերազմին: Գրեյսի երկու եղբայրներն առաջնագծում էին, և աղջիկը ցանկանում էր իր ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում: Ուղևորվելով արտադրամաս՝ աղջիկն անգամ պատկերացնել չէր կարող, որ այդ աշխատանքը կփոխի իր կյանքն ու աշխատավորների իրավունքները… ընդմիշտ:

Ուրվական-կանայք

Պատերազմի սկսելուց 20 տարի առաջ Մարի Կյուրին ռադիում անունով նոր տարր հայտնագործեց: Այդ տարրը լույս էր տալիս խավարի մեջ, և ամերիկյան իշխանությունները որոշեցին, որ դա իդեալական նյութ է թվատախտակների թվերը ներկելու համար: Այդպես զինվորականները կկարողանան տեսնել ժամը և այլ կարևոր տեղեկություններ անգամ մթության մեջ:

Թվատախտակների ներկումը «էլիտար աշխատանք էր համարվում հասարակության ցածր խավի համար»: Այդ աշխատանքի համար բավականին լավ էին վճարում: Արտադրամասում առավել ողջունելի էր դեռահասների ներկայությունը, քանի որ համարվում էր, որ նրանք ավելի լավ են գլուխ հանում գործից: Յուրաքանչյուր ներկված թվատախտակի համար աղջիկներին վճարում էին 27 ցենտ: Զարմանալի չէ, որ նրանք ջանում էին որքան հնարավոր է շատ թվատախտակներ ներկել:

Սակայն նրանց ոչ ոք չէր զգուշացրել, որ ներկը չափազանց թունավոր է և վտանգավոր: Ընդհակառակը, նրանց վստահեցնում էին, որ ռադիումային ներկն ամբողջապես անվտանգ է: Ավելին՝ աշխատակցուհիների հետ կիսվում էին «խորամանկությամբ». եթե ներկելուց առաջ ներկով պատված վրձինը բարակեցնեն շուրթերի օգնությամբ, գիծն ավելի բարակ և ուղիղ կլինի: Սարսափելի է պատկերացնելը, թե միայն այդ եղանակով աղջիկների օրգանիզմում ինչքան ռադիում է հայտնվել:

Ճշմարտություն, թե սուտ

Ավելի ուշ արտադրամասի տնօրինությունը փորձում էր արդարանալ՝ ասելով, որ ռադիումի վտանգավորության մասին ոչինչ հայտնի չէ, սակայն դա ճիշտ չէր: Տվյալ տարրի բացահայտվելու օրվանից ի վեր պարզ էր դարձել, որ դա սովորական տարր չէ: Մարի Կյուրին ինքն էր տուժել դրա հետ աշշխատելու արդյունքու, ինչպես նաև արտադրամասի մյուս աշխատակիցները (ոչ ներկարարությամբ զբաղվող աղջիկները) ռադիումի հետ գործ ունենալիս կրում էին դիմակներ, հաստ ռետինե կոստյումներ ու ձեռնոցներ:

Ինչ-որ մեկը լուրեր էր տարածել, որ ռադիումի փոքր քանակությունն օգտակար է առողջության համար, իբր թե այն երկարացնում է երիտասարդությունը, անգամ այդ շրջանում որոշ թերթերում նման գրառումներ էին հայտնվում. «Ավելացրե՛ք Ձեր կյանքին ևս մի քանի տարի»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ այս ամենն անում էր հենց տնօրինությունը:

Իսկ արտադրամասի մենեջերները հավատացնում էին աղջիկներին, որ ներկը «նրանց այտերին գեղեցիկ երանգ է հաղորդում»:

Առաջին մահը

1922 թ. Գրեյսի կոլեգա Մոլի Մեգիան դուրս եկավ աշխատանքից վատ ինքնազգացողության պատճառով: Աղջիկը չէր կարողանում հասկանալ, թե ինչ է իր հետ կատարվում: Նրա ատամը ցավում էր, և նա այցելեց ատամնաբույժի: Հեռացնելով ատամը՝ ատամնաբույժը նկատեց, որ նրա ողջ լինդը թարախակալել էր: Հեռացրին ևս մի քանի ատամ:

Այնուհետև Մոլին սկսեց սուր ցավեր ունենալ վերջույթների շրջանում, ապա սկսեց մեծ դժվարությամբ շարժվել կարողանալ: Բժիշկները որոշեցին, որ նրա մոտ առկա է ռևմատիզմ, և աղջկան տուն ուղարկեցին՝ ասպիրին նշանակելով:

1922 թ. մայիսին Մոլիի վիճակն անհույս էր: Նա կորցրել էր բոլոր ատամները, իսկ անհասկանալի բորբոքումը շարունակում էր տարածվել ողջ օրգանիզմում: Երբ բժիշկը դիպչում էր նրա ծնոտին, վերջինս բառացիորեն փշրվում էր նրա ձեռքերում:

Եվ Մոլին միակը չէր: Միևնույն ժամանակ դեմքի և վերջույթների շրջանում ցավեր էին սկսել զգալ Գրեյսն ու մյուս աղջիկները:

1922 թ. սեպտեմբերին Մոլիի մոտ արտասովոր բորբոքումը հասավ իր գագաթնակետին: Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 5-ին նրա կոկորդից սկսեց արյուն հոսել, և աղջիկը մահացավ: Բժիշկներն արձանագրեցին, որ Մոլին մահացել է սիֆիլիսից: Այնուհետև արտադրամասը, որտեղ աշխատում էր աղջիկը, այդ արձանագրությունն օգտագործեց նրա դեմ:

Մոլիին հաջորդեցին մյուս աղջիկները: Նրանք մահանում էին մեկը մյուսի հետևից:

Հանցագործությունը թաքցնելը

Տնօրինությունը երկու տարվա ընթացքում հերքում էր իր մեղքը աղջիկների մահվան գործում: 1924 թ. մասնագետները որոշեցին անկախ փորձաքննություն անցկացնել և եկան եզրակացության, որ աղջիկների մահվան և ռադիումի մեջ կապ իսկապես կա: Ընկերության նախագահը շարունակում էր հերքել իր մեղավորությունը: Բացի դրանից՝ նա մեծ ջանքեր ու միջոցներ էր ներդնում փորձաքննությունն անցկացնելու մեջ: Նա ցանկանում էր, որ իր անմեղությունը որքան հնարավոր է շուտ ապացուցվի:

1925 թ. Հարիսոն Մարթլենդ անունով բժիշկն ապացուցեց, որ հենց ռադիումն է սպանել աղջիկներին: Ավելին՝ նա բացատրեց, թե կոնկրետ ինչ է կատարվել աղջիկներրի օրգանիզմում: Մի անգամ Պիեռ Կյուրին գրել էր, որ վտանգավոր է գտնվել մի սենյակում, որտեղ մեկ կգ ռադիում կա: Այն կարող է ոչ միայն այրել մաշկը և մարդու աչքերը, այլև սպանել նրան: Բժիշկ Մարթլենդն ասաց, որ անգամ չնչին քանակությամբ ռադիումի առկայությունն օրգանիզմում շատ ավելի վատ հետևանքների կարող է բերել: Իսկ եթե ռադիումն ընկնում է օրգանիզմ, ապա դրանից ազատվելու տարբերակ այլևս չկա:

Պայքար

Իրավիճակը բարդացնում էր այն փաստը, որ ընկերության նախագահը մի քանի բժշկական կորպորացիաներ էր գնել, որոնք ամեն կերպ պաշտպանում էին ընկերության շահերը:

Երկու տարի պահանջվեց Գրեյս Ֆրայներից փաստաբան գտնելու համար: Շատերը մերժում էին նրան՝ վախենալով պայքարի մեջ մտնել խոշոր ընկերության դեմ, որի շահերը պաշտպանում էին հզոր ուժեր:

1927 թ. Ռեյմոնդ Բերին վերցրեց Գրեյսի և նրա 4 կոլեգաների գործը: Աղջիկներին տեղեկացրել էին, որ նրանք կշարունակեն ապրել ընդամենը 4 ամիս, սակայն կարևորն այն էր նրանց համար, որ գործն ընթացք էր ստացել:

Ամերիկացի աղջիկների գործն ամերիկյան բոլոր թերթերի առաջին էջերում էր, և ԱՄՆ բնակչությունը շոկի մեջ էր:

Պարզ դարձավ, որ Իլինոյս նահանգի նմանատիպ արտադրամասում կանայք նույնպես նույն խնդրին էին բախվել: Սակայն այդ արտադրամասի ղեկավարությունը ևս ամենը հերքում էր:

Առաջին դատական նիստի ժամանակ աղջիկներն այնքան թույլ էին, որ չէին կարողանում ձեռք բարձրացնել, երբ դատավորը հարց ուղղեց նրանց՝ արդյոք պատրա՞ստ են միայն ճշմարտությունն ասելու: Երկրորդ նիստը հետաձգվեց այն պատճառով, որ արտադրամասի կողմից գլխավոր վկաները հանգստանում էին Եվրոպայում: Այնուհետև արտադրամասի տնօրինությունը որոշեց, որ աղջիկները, միևնույն է, մոտակա ժամանակներում կմահանան, և նրանց փոխհատուցում, ինչպես նաև ցմահ թոշակ տվեց: Սակայն գլխավորն այն էր, որ այս իրադարձության մասին արդեն խոսում էին ողջ աշխարհում:

Արդյունքներ

Պարզ դարձավ, որ ավելի քան 4000 մարդ ողջ Ամերիկայում զբաղվում էր նույն աշխատանքով, ինչով որ զբաղվում էին տուժող աղջիկները:

Այս դեպքը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ում վերջապես հատուկ օրենք ընդունեցին մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ: Աշխատակիցներին տեղեկացրին, որ ներկը չափազանց թունավոր է, և օրգանիզմում հայտնվելու դեպքում անդարձ հետևանքներ կարող է առաջացնել: Ռադիումային ներկ շարունակեցին օգտագործել մինչև 20-րդ դարի 60-ական թվականների վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել