Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդության քննարկումը. այն կշարունակվի արդեն հաջորդ տարի՝ հունվարի 9-ին:

Նիստերի դահլիճից դուրս գալով՝ պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ ունի անձնական գործեր և աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին:

«Բոլորս էլ ունենք անձնական գործեր՝ Նոր տարի է, առևտուր պետք է անել և այլն: Ըստ էության, նիստ՝ որպես այդպիսին, տեղի չունեցավ, քննիչը ցանկություն ուներ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու ու ժամանակ խնդրեց, որ ուսումնասիրի նյութերը: Քննիչն ասում էր, որ ցանկանում է ուսումնասիրել՝ հասկանալու՝ արդյոք պե՞տք է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել»,- ներկայացրեց փաստաբանը՝ ընդգծելով, որ իրենք դեմ են դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:

Այս նիստը նախագահող դատավորը, հիշեցնենք, Նելլի Բաղդասարյանն է:

Փաստաբանն ասաց նաև, որ քննիչը, որն այսօր եղել է դատարանում, Հրաչ Մուշեղյանն է, որի անունը հայտնի գաղտնալսման մեջ օգտագործել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ռոբերտ Քոչարյանը, Օրբելյանի խոսքով, չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ այն տեխնիկական նիստ էր, և անհրաժեշտություն էլ չի եղել:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, անցնում է մարտի 1-ի գործով, ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Բացի նախկին նախագահից՝ այս մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն արդեն երկար ժամանակ է՝ հետախուզվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել