Yerkir.am-ը գրում է.

Եթե Սիրիան մնա ամբողջական, և Բաշար Ասադի վարչակարգը ստանա իշխանության ղեկին մնալը երկարացնելու հնարավորություն, ապա դրանից կշահի Ռուսաստանը, քանի որ Ասադի շնորհիվ ապահովեց իր ռազմական ներկայությունը Սիրիայում` դրանով իսկ ապահովելով  իր համար կանխատեսելի ուժերի առկայությունը երկրում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով Սիրիայում գերտերությունների շահերի և հաղթող դուրս գալու հնարավորությունների մասին:

«Եթե Ասադը հեռանա, և իշխանության գան այն ուժերը, որոնք, մեղմ ասած, ՌԴ-ի նկատմամբ լավ տրամադրված չեն, ապա  այստեղ ՌԴ-ն կորցնելու բան ունի, քանի որ հարց է առաջանալու՝ ինչպե՞ս  է  Սիրիայում  պահելու ռազմաբազան: Ռուսաստանն այդ դեպքում  պիտի  մտածի, թե նոր իշխանության հետ ինչ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գա, որ կարողանա պահել իր ռազմական  ներկայությունն այնտեղ, որը չափազանց կարևոր է նրա համար»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ըստ արաբագետի, նրա համար առաջին վտանգն ԻՊ-ն է, ուստի այս պահին առաջնահերթն այդ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է:

«Եթե օր առաջ հասնեն նրան, որ ԻՊ-ին արմատախիլ անեն Սիրիայից, դրանից հետո նոր միայն ԱՄՆ-ը կմտածի Սիրիայի հետագա ճակատագրին իր մասնակցության մասին»,- ընդգծեց Գրիգորյանը՝ լրացնելով, որ Ասադի վարչակարգը կմնա իշխանության ղեկին այնքան, քանի դեռ Սիրիայում կլինեն ԻՊ-ի օջախներ:

«Այդքան հեշտ չէ նրանց արմատախիլ անելը, քանի որ շատ են արմատացած և տարրալուծված: Երկրորդ՝  այլ մարտավարության են անցել, և այսօր իսլամական այլ խմբավորումներ կան: Այնպես որ`  Սիրիան դեռ  գլխացավանք է լինելու տարածաշրջանի համար և դրանից դուրս»,- կարծիք հայտնեց արաբագետը:

Անդրադառնալով Սիրիայի Արաբական Հանրապետություն ՊՆ մասնագետների խումբ գործուղելու որոշմանը, որը ՀՀ-ում միանշանակ չընդունվեց, Սարգիս Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմը պետք է ակտիվություն դրսևորեր, և որ վտանգ կլիներ, եթե ներգրավված լինեինք ռազմական գործողություններում:

«Հումանիտար, ականազերծման աշխատանքներ ենք կատարելու, որն ընկալելի է բոլոր կողմերի համար: Մեզ համար մտահոգիչ է Սիրիայում ստեղծված վիճակը, և մենք մեր ներկայությամբ մեսիջ ենք թողնում, որ ուզում ենք, որ Սիրիան լինի կայուն: Եվ այս առումով մեր ներկայությունն անհրաժեշտ է ու պարտադիր: Երկրորդ՝ ունենք հայ համայնք, որի շրջանում հայկական մասնագետների խմբի ներկայությունը որոշակի ոգևորություն է առաջացնում: Սակայն քաղաքական պրոցեսներին մասնակցության առումով դեռ վաղ է  հայտարարություն  անել, կարծիք և  դիրքորոշում հայտնել Սիրիայի ներկայիս և ապագա իշխանությունների մասին: Սրա համար դեռ վաղ է, և չպետք է արագ որոշումներ կայացնենք»,- եզրափակեց արաբագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակն է օգնել Հալեպի հայ համայնքին և, ընդհանուր առմամբ, Սիրիային։ Նրա խոսքով` տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ականազերծմանն ու բժշկական օգնություն տրամադրելուն։ Իր հերթին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրել էր, որ նախատեսվում է Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել ՊՆ` մինչև 100 հոգանոց մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից ու նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից, որը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել