Armtimes.com-ը գրում է.

Ես շատ հանգիստ եմ վերաբերվում շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք ասում են, թե հանգիստ կարող են թաքցնել իրենց եկամուտները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Իհարկե, կարող են թաքցնել: Մենք ասում ենք՝ դուք կարող եք հայտարարագրել ձեր եկամուտները այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ միանգամից ասում են՝ դուք չեք կարող վերահսկել, այո չենք կարող, բայց դուք չե՞ք կարող ինքներդ ձեզ վերահսկել: Այսինքն, մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, ինչքան ստացել եք: Եթե ուզում եք խաբեք, խաբեք»,-ասաց Անանյանը:

ՀԺ-ի հարցին, թե ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները թաքցնեն իրենց եկամուտները, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով փորձելու ենք մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով ճշտել, թե արդյո՞ք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե ոչ»:

ՀԺ-ի լրագրողի դիտարկմանը, որ նրանք չունեն աշխատանքի հասցե, նրանց տնե՞րն եք մտնելու, Անանյանն ասաց. «Եթե աշխատավայր չունեն, ունեն հասցե: Միգուցե գրենք, խնդրենք, ներկայանան, մենք էլ իրենց բացատրենք, թե ինչպես պետք է հարկերը վճարել: Եթե մեկ մլն դրամ է ստացել, հենց այդքան էլ պետք է հայտարարագրի»:

Լրագրողներին հետաքրքրեց, թե այդ երբվանի՞ց է պետությունը հույս դնում քաղաքացիների ազնվության վրա, նա նշեց. «Հարկեր վճարելու մշակույթ ձեւավորելու հիմքում պետք է լինի փոխադարձ վստահությունը: Եթե ոչ, մենք մեր գործիքների ամբողջ ծավալով մեր գործը կանենք: ՊԵԿ-ը նաեւ իրավապահ մարմին է եւ ունի բավականին շատ ծառայություններ, որոնք իրենց գործն անում են՝ կապված օպերատիվ տեղեկատվության ստացման ու մշակման հետ: Անընդհատ ասում են՝ բա ինչպե՞ս եք վերահսկելու: Չեմ ուզում վերահսկել, ոչ էլ վերահսկելու եմ, դուք ազնվորեն հայտարարագրեք»:

Խոսելով այն մասին, որ բյուջեն լցնելու համար նեղում են տնտեսվարողներին, Դավիթ Անանյանն ասաց. «Մենք ոչ թե նեղում ենք, այլ օրենքով սահմանված մեր գործառույթն ենք իրականացնում: Մարդիկ պետք է կատարեն իրենց պարտավորությունները»:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրողների բողոքի ակցիային, որոնք նշում էին, որ հունվարի 1-ից իրենց հարկային բեռն ավելանում է եւ փաստաթղթավորումը շատացել է, Անանյանն ասաց. «Թե որքանով է վիճահահույց այս կամ այն իրավական ակտը, մենք Ֆինանսների նախարարի եւ տրանսպորտի, կապի նախարարի հետ միասին պայմանավորվեցինք, որ մեր հարկ վճարողների մտահոգությունները հունվարի առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք եւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հավանականությունը կգնահատենք, թե ինչ փոփոխություններ կարող ենք անել»:

Հարկային եկամուտների առումով նախորդ տարվա համեմատ ունենք ավելի բարենպաստ պատկեր: Դավիթ Անանյանը հրաժարվեց թվեր հնչեցնել՝ նշելով. «Թվեր չեմ հնչեցնի, որովհետեւ տարին պետք է ավարտվի եւ հունվարի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել