Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է AS-ը:

Իսպանական պարբերականը գրում է, որ «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը պատրաստ է Ռաբիոյի պայմանագրի ժամկետի լրանալուց կես տարի առաջ ընդամենը 5 միլիոն եվրոյով վաճառել նրա տրանսֆերը:

ՊՍԺ-ի նման ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռաբիոյի տրանսֆերի պատճառով փարիզյան ակումբում տարաձայնություններ են սկսվել: Հիշեցնենք, որ Ռաբիոն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը և ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ փարիզյան ակումբից:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռաբիոն «Բարսելոնայի» հետ համաձայնություն էր ձեռք բերել, որ կատալոնական թիմին կմիանա հենց ազատ գործակալի կարգավիճակով: Հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» հետ պայմանագրով Ռաբիոն տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու: Բացի այդ, կատալոնացիները պետք է բոնուսներ վճարեն ֆուտբոլիստի մորը և գործակալին:

Ռաբիոն «Պարի Սեն Ժերմենի» ակադեմիայի սան է, փարիզյան ակումբի հիմնական թիմում հանդես է գալիս 2012 թվականից: 23-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ 17 տիտղոս է նվաճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել