Yerkir.am-ը գրում է.

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մանուկներին փոխանցելու իր օրհնությունն ու շնորհավորանքները: 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կենտրոնում խնամվող երեխաները Վեհափառ Հայրապետի հետ արտասանել են Տերունական աղոթքը, կատարել նաև հայրապետական մաղթերգը: Հայոց Հովվապետը երեխաներին բաժանել է նվերներ, հետաքրքվել նրանց առօրյայով, զրուցել մանուկների նախասիրությունների շուրջ: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով կենտրոնի առաքելությունը, իր գնահատանքը բերել է Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին և կենտրոնի աշխատակիցներին ցուցաբերած պատասխանատվության և հոգածության համար` հորդորելով առավել ջանասիրությամբ շարունակել կրթել ու դաստիարակել երեխաներին, նրանց հոգիները լցնել ուրախությամբ, ջերմությամբ և սիրով, որպեսզի դառնան ազգի արժանավոր զավակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել