Yerkir.am-ը գրում է.

նայած ՀՀ օրվա իշխանությունների հայտարարություններին, թե Թուրքիան պետք է առանց նախապայմանների բացի սահմանը և կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, մենք տեսնում ենք, որ այդ երկրի իշխանություններն ամենևին էլ մտադիր չեն գնալու նման քայլի: Ավելին` նախագահ Էրդողանը մեզնից պահանջում է մոռանալ Ցեղասպանությունը, իսկ նրա սազանդարները, մասնավորապես` արտգործնախարար Չավուշօղլուն չի դադարում օրը երեք անգամ` նախաճաշին, ճաշին և ընթրիքին կրկնել, որ հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակի կապ ունեն Արցախի խնդրի կարգավորման հետ: Սա մեզ, իհարկե, չի զարմացնում, որովհետև հայտնի փաստ է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Արցախի խնդրի հետ կապված, հետևաբար, առանց այդ նախապայմանի բավարարման, չի բացի: Հակառակ պարագայում Թուրքիան «դավաճանած» կլինի Ադրբեջանին: ՀՀ իշխանությունները, այս հասարակ բանը «չհասկանալով», ժամանակին ասում էին, որ Թուրքիան կարող է մի բան էլ նպաստել Արցախի հարցի արդարացի լուծմանը: Պարզվեց, սակայն, որ այդ սպասելիքը երազանքների ոլորտից է, իսկ Թուրքիայի պատկերացրած «արդարացի լուծումն» էլ այն էր, ինչ պահանջում էր Ադրբեջանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որը վերնագրել է այսպես` «Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում»: Հրաշալի է: Նույն Շարմազանովը 8 տարի առաջ կարծում էր, որ ֆուտբոլը օգտակար մարզաձև է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, և Թուրքիան էլ կարող է նպաստել Արցախյան խնդրի լուծմանը: Բայց հիմա` ինչպիսի առաջընթաց, Շարմազանովը թրով է կտրում. «Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում»: Լավ է:

Չենք կարծում, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համաձայն է Շարմազանովի այն պնդմանը, թե «ինքը վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել` հայ-թուրքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ»: Մեջբերումը Շարմազանովի գրառումից է: Ըստ իս` Չավուշօղլուն վստահ է, որ արել է ճիշտ այն հայտարարությունը, որով հնարավոր է ազդել Արցախի խնդրի կարգավորմամբ զբաղված կողմերի վրա և միևնույն ժամանակ «արդարացնել» հայ-թուրքական սահմանի փակ լինելը: Չավուշօղլուն, ըստ էության, մի կրակոցով երկու նապաստակ է խփում, իսկ մենք ասում ենք` նա վատ որսորդ է: Չի կարելի այդպես: Շարմազանովի փոխարեն ես արժանին կհատուցեի Չավուշօղլուին` նշելով, որ նա թուրք-ադրբեջանական տանդեմի ջատագովն ու զինվորն է:

Ես զարմանում եմ, երբ հարգարժան Էդուարդ Շարմազանովը գրում է, որ ՀՀ օրվա իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլուի այդ անհեթեթությանը: Իսկ, արդյոք, ճի՞շտ է ամեն անհեթեթության պատասխանելը, մանավանդ, երբ հազար անգամ զգուշացվելուց հետո Թուրքիան նույն բանն է կրկնում: Առանց այն էլ էյֆորիայի ավելցուկ ունենք, պարոն Շարմազանով: Հիմա էլ Էրդողանին ու Չավուշօղլուին ասֆալտին փռենք: Եվ, բացի այդ, դիվանագիտության մեջ լռությունն էլ երբեմն ոսկի է: Գուցե սա հենց այն դեպքն է, երբ պետք է պարզապես անուշադրության մատնել այդ «չափազանց վտանգավոր» անհեթեթությունը: Հուսամ` կարողացա մեր ղեկավարության փոխարեն բավարարել Շարմազանովի հետաքրքրասիրությունը հայկական կողմի լռության առնչությամբ:

Խնդրո առարկա գրառման մեջ ամենակարևորը Շարմազանովի հետևյալ երկու միտքն է. «Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»: Եվ ապա` «Թուրքիայի` նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է»: Այո, Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլևս մի բնագիծ է, որին մենք շատ մոտ ենք, և որից կես քայլ նահանջն անգամ անթույլատրելի է: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի` նախապայմաններ թելադրելու քաղաքականության դատապարտմանը, ապա ողջ աշխարհն է այսօր դատապարտում նման քաղաքականությունը` անկախ այն բանից, թե որ երկրի կողմից է դա տեղի ունենում և ինչ հանգամանքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել