Երևանի ավագանին այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում ընդունեց Երևան քաղաքի՝ 2019-2023 թթ․-ի հնգամյա զարգացման ծրագիրը։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի խոսքով՝ Երևանի զարգացման 5-ամյա ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերջնականապես լուծել մայրաքաղաքի աղբահանության և ընդհանրապես կենցաղային կոշտ թափոնների կառավարման խնդիրները նոր և ժամանակակից լուծումներով։

«Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, ոլորտի ամբողջական արդիականացումը և ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, արդյունավետ կառավարման միջոցների ներդրումը համարվում են 5-ամյա ծրագրի գերակա ուղղություններից մեկը»,- ասաց փոխքաղաքապետը։

Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման թույլտվությունը։ Գերակա ուղղություններից են լինելու առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի բարելավումը, ինչպես նաև Երևանում կրթական համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

«Երևանի զարգացման 5-ամյա ծրագրի առանձին ոլորտ է հանդիսանում «Խելացի քաղաք» ծրագիրը, որը կարևորում է քաղաքի կառավարման օպտիմալացման և ծառայությունների որակի բարելավումը, նոր տեխնոլոգիաների լայն կիրառությունը»,- նշեց Հայկ Սարգսյանը։

33-րդ թաղամասի (Ֆիրդուսի շուկայի տարածքում) կառուցումը նույնպես ներառված է 5-ամյա ծրագրում։ «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը կասկածի տակ դրեց կառուցապատողի վստահելիությունը, ինչին ի պատասխան՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց․ «Շատ ճիշտ հարց եք տալիս, և դա վերաբերում է ոչ միայն այս թաղամասին, այլև շատ և շատ այլ շենքերի, շինությունների, որոնք պետք է կառուցվեն։ Այո, մենք ծրագրում ենք, որ դրանք պետք է կառուցվեն, և այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն։ Այս առումով մենք մեր օրենսդրական առաջարկներն ենք անելու, որպեսզի քաղաքային իշխանությունները լծակներ ունենան ներազդելու այդ սուբյեկտների վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել