Ինչպես խոստացել էի առավոտյան, անդրադառնում եմ նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին (կից նկարներով` նախագիծը)։
Եվ այսպես` 
• Կրթության եւ գիտության նախարարությանն են միացվում մշակույթի եւ սպորտի նախարարությունները։ Հսկայական կառույց է դառնում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդյունավետ չի կարող աշխատել: 
• Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը ևս չի պահպանվում որևէ այլ նախարարության վերտառության մեջ, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն։
• Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այլեւս բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն է։
Այս ոլորտներին ուշադրություն դարձնել, անկասկած, պետք է, բայց արդյո՞ք առանձին նախարարություն ստեղծելու տեսքով։ 

Այս կապակցությամբ առաջանում են մի շարք հարցեր, մասնավորապես՝ հաշվի է առնվել նախարարի նախասիրությունը կամ մասնագիտացումը, թե՞ հաշվի է առնվել ՀՆԱ-ի մեջ այդ ոլորտների «մեծ» ծավալը կամ արդյո՞ք ռազմական արդյունաբերության դեպքում հաշվի առնվել է, որ ներքին շուկան չափազանց փոքր է զարգացում ապահովելու համար, իսկ արտաքին շուկայի վրա հաշվարկի առումով ո՞րն է լինելու մեր մրցունակության հիմնական գրավականը` տրանսպորտային հարմար լոգիստիկա՞ն, թե հմտոթյուննե՞րը, գուցե սարքավորումնե՞րը։ Ի՞նչ տրամաբանությամբ են հենց այս երկուսն առանձնացվել, եթե ռազմադյունաբերության մեջ առաջատար երկրներում առանձին նախարարություններ չկան: Նույն հաջողությամբ կարելի էր նաեւ ստեղծել ոսկերչության նախարարություն՝ հաշվի առնելով մեր փորձառությունն այս ոլորտում եւ գուցե ՀՆԱ-ի մեջ ավելի մեծ տոկոսը։ 
• Էներգետիկայի նախարարությունը միանում է տարածքային կառավարման նախարարությանը: Այս նախարարության տիրույթ են տեղափոխվում նաև տրանսպորտը, պետական գույքի կառավարման կոմիտեն: Կրկին «սուպեր» նախարարություն՝ կրկին անհասկանալի նպատակով:
• Գյուղատնտեսության նախարարությունն էլ միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Մտածեք՝ ինչու: Հասկանաք՝ իմաց տվեք։

Կառավարման արդյունավետության տեսանկյունից բավական բարդ է տեսնել տրամաբանություն այս ամենի մեջ, քանզի մի քանի անհասկանալի նպատակով ստեղծված «սուպեր» նախարարությունների կողքին առանձին նախարարություն է մնում, օրինակ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ընդ որում, միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին արտակարգ իրավիճակների նախարարությունները այդքան էլ տարածված չեն, դրանք հիմնականում ոստիկանության հետ ընդգրկվում են ներքին գործերի նախարարության կամ այլ նախարարության կազմում։ Բացի դրանից՝ միասնական ներքին գործերի նախարարություն ստեղծելով ոչ միայն հնարավոր կլիներ իրականացնել էական խնայողություններ, այլ վարչապետ Փաշինյանը եզակի անգամ կկատարեր իր խոստումը, այն է՝ ստեղծել համակարգ, որով Ոստիկանությունը հաշվետու կլիներ Ազգային ժողովին։

Հավանաբար, սակայն, նոր կառավարությունն իր կառուցվածքը որոշում է ելնելով ոչ թե արդյունավետությունից, այլ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ նախարարության համար ունի հարմար նախարար, թե ոչ:
Այս ամբողջ խառնաշփոթի մեջ տուժելու են չափազանց մեծ քանակությամբ մարդիկ, իսկ որ պակաս կարևոր չէ, արդյունավետությունը լինելու է ծայրահեղ ցածր:

ՀԳ. Հուսով եմ՝ երբ մեկ շաբաթ անց կառավարությունը կամփոփի բոլոր նախարարություններից ստացված կարծիքները, ականջալուր կլինի հանրային արձագանքին և կփոխի իր որոշումը, հատկապես որ այն արդարացված չէ նաև կառավարման արդյունավետության տեսանկյունից:

ՀՀԳ. Քանի որ այս օպտիմալացում կոչվածի գործընթացում անխուսափելիորեն առաջանալու են իրավական խնդիրներ, հայտնում եմ իմ պատրաստակամությունն աջակցելու այն պետական ծառայողներին, ովքեր դրա կարիքը կունենան:

#ՀայհոյողֆեյքերԻզեն
#Բասերժիօրոքինչիչէիրխոսում

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել