Armsport.am-ը գրում է.

Երիտասարդ բռնցքամարտիկ Վահե Բադալյանը մեդալներ է նվաճել ինչպես պատանիների, այնպես էլ երիտասարդների Եվրոպայի առաջնություններում:

Նա համարվում է մեր երկրի ամենատաղանդավոր երիտասարդ  բռնցքամարտիկներից մեկը, թեպետ վերջին տարիներին ուժերն է փորձում նաև մեծահասակների պայքարում ու հասցրել է դառնալ մեծահասակների Հայաստանի  չեմպիոն:

Վահե Բադալյանը մտածում է նաև պրոֆեսիոնալ ռինգերի մասին, այդուհանդերձ երազանքն օլիմպիական չեմպիոն դառնալն է:

Երիտասարդ բռնցքամարտիկը Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի հետ զրույցում խոսել է ինչպես Եվրոպայի առաջնություներում նվաճած մեդալների, այնպես էլ Ռոստովում անցկացրած միջազգային ուսումնամարզական հավաքի և առհասսարակ բռնցքամարտի մասին:

Եվրոպայի առաջնությունն ու նվաճած երկու մեդալները.

«Դեռևս պատանեկան տարիքում Եվրոպայի առաջնությունում իմ նվաճած մեդալները ինձ որպես մարդ , որպես անհատ ոչնչով չփոխեցին: Ես մնացի նույն Վահե Բադալյանը թե՛ իմ թիմակիցների, թե՛ ընկերների, թե՛  հարազատների համար, բայց ռինգում ես ավելի ինքնավստահ դարձա. արդեն հավատում էի իմ ուժերին:

Իհարկե, Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչը՝ անգլացի մարզիկի հետ պայքարում, ես տանուլ տվեցի, բայց հետագայում ճիշտ դասեր քաղեցի սխալներիցս և ուժերս փորձելով արդեն Հայաստանի մեծահասակների առաջնությունում դարձա չեմպիոն»:

Ռինգն ու հաղթանակի գրավականը

«Ռինգում ամենակարևորը հոգեբանորեն պատրաստ լինելն է, այլապես կարող ես պարտվել անգամ քեզնից թույլ մրցակցին: Շատ դեպքերում պետք է մրցակցին ճնշել հենց հոգեբանորեն: Պետք է նաև ինքնավստահ լինել, որը միանշանակ ազդեցություն է թողնում նաև մրցավարների վրա: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև ֆիզիկապես ու տեխնիկապես էլ պատրաստ լինել, այլապես ոչինչ չի ստացվի»:

Ռոստովի միջազգային ուսումնամարզական հավաքն  ու դրա կարևորությունը:

«Ցանկացած մարզիկի համար էլ արտասահմանում մարզվելն ու միջազգային հավաքները անչափ օգտակար և կարևոր են, քանզի ավելի շատ են սպարինգ մրցակիցները, մարզումները նույնես ավելի շատ են, հագեցած և խորացված են, ու տարբերվում են  սովորական մրզումներից: Ռոստովյան ուսումնամարզական հավաքը մեզ շատ բան տվեց, դա երևաց նաև միջազագային մրցաշարի ժամանակ, որտեղ մեզ ավելի վստահ էինք զգում»:

Ռոստովում անցկացրած մենամարտերն ու դրանցից քաղած դասերը

«Եթե անկեղծ, ես յուրաքանչյուր  մենամարտից հետո ավելի շատ մտածում եմ թույլ տված սխալներիս մասին: Ռոստովում կայացած մրցաշարն էլ բացառություն չէր: Զգում էի, որ մրցակցիս չեմ կարողանում պահել անհրաժեշտ տարածության վրա, բայց կարևորը մարզիչներիս հետ հասկացանք սխալները և հետագայում կշտկեմ»:

Բռնցքամարտի նոր ֆեդերացիան և մարզիկների նոր հույսերը

«Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում բոլորիս: Բռնցքամարտիկների մոտ հույս է արթնացել: Մինչև այս, շատերը դադարել էին մտածել բռնցքամարտով զբաղվելու մասին, քանզի որքան էլ սիրես սպորտը, պետք է կարողանաս հոգալ սեփական կարիքները:

Ես գիտեմ, որ նույնիսկ կային բռնցքամարտիկներ, ովքեր անգամ ճանապարհածախսի խնդիրներ ունեին, բայց այսօր արդեն ամեն ինչ կարգավորվել է. մարզիկները ստանում են իրենց մարզական թոշակները, ու բոլորը գոհ են : Ֆինանսը մարզիկի համար կարևոր գործոն է: Երբ դա կա, լիարժեք մտածում ես միայն մարզումների մասին»:

2019-ի նոր մարտահրավերնեը

«2019-ը  անչափ կարևոր տարի է: Ես ուժերս փորձելու եմ նաև պրոֆեսիոնալ ռինգում: Արդեն պայմանագիր ունեմ կնքած: Ըստ նախատեսվածի՝ մարտի 16-ին կանցկացնեմ առաջին մենամարտս և կմրցեմ  Քրիստոֆ Ռոգասկու հետ: Իհարկե, պրոֆեսիոնալ բռնցքամարտը ես համատեղելու եմ սիրողականի հետ, քանզի դեռ այստեղ պետք է կայանամ, բացի այդ, ցանկություն ունեմ նաև մասնակցել օլիմպիական խաղերին, որն իմ երազանքն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել