Հարգելիներս, առաջարկում եմ սկսել ֆեյքազատման արշավ, ակցիա, ֆլեշմոբ….. ինչպես կուզեք, այնպես էլ անվանեք. կարևորն իմաստն է ու իրագործումը դրա:
Այնպես է ստացվել, որ գրեթե բոլորս ունենք հաշիվներ սոցցանցերում, և հասարակական կարծիքը հիմնականում կազմվում է այստեղ: Նաև ունենք տասնյակ հազարավոր տարատեսակ ու երփներանգ ֆեյքեր: Անկեղծ ասած, անբարո երևույթ է անանուն հանդես գալը բաց հասարակարգում: Ընդհանրապես նման պահվածքը բնորոշ է ստորակարգ մարդուն, բայց իրականությունն այն է, որ շա՜տ են դրանք: Գուցե՞ և դրանց մեծամասնությունն իրենք էլ ճշգրիտ չեն ընկալում իրենց այդ «առաքելության» ստորության աստիճանը. էժանագին ու փուչ կարծիք արտահայտել սրիկայաբար, տգիտություն ու այլասերվածություն տարածել ու պատասխանատվություն չկրել այդ ամենի համար: Թերևս բոլորն էլ ինձ հետ միաձայն կգոչեն «Թքեմ նման մարդկանց վրա», բայց և այդպես, դրանով ոչինչ չի փոխվի: Դրա համար, առաջարկում եմ պարբերաբար մրթմրթալու ու փնթփնթալու փոխարեն՝ եկեք վերացնենք դրանց: Ամեն մեկս մեր ընկերների ցուցակից ջնջենք բոլոր անհասկանալի ծագում ունեցող հաշիվները, որոնք հստակ անձի չեն ներկայացնում, նույնիսկ եթե դրանցից մեկը, մի քանիսը դրական կերպարներ են: Դժվար չէ, իրականում: Նաև ջնջենք կոմերցիոն հաշիվները, որ գրանցված են գովազդային նկատառումներով, քանի որ ֆեյսբուքն ունի կազմակերպության էջեր ստեղծելու հնարավորություն ու կարիք չկա անձնական կեղծ հաշիվ բացելու: 
Մեր ձեռքերով մաքրազարդեն մեր այս հարթակը, որը կարող ենք օգտակար ծառայեցնել մեզ: 
Հ.Գ. Հասկանում եմ, որ շատերին գլխաքանակ է պետք ընկերների ցուցակում, բայց ավելի լավ է մեռած հոգիներ, այսինքն պասիվ հաշիվներ պահել այդ գլխաքանակը լրացնելու համար, քան ակտիվ մակաբույծներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել