Operativ.am-ը գրում է

Ամերիկյան Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գլխավորել է անհաջողակ միլիարդատերերի վարկանշային աղյուսակը՝ ըստ Forbes ամսագրի:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Forbes-ի կազմած վարկանշային աղյուսակի տվյալները, Ցուկերբերգը բոլորից շատ է գումար կորցրել 2018-ին: Գործարարի կարողությունը կրճատվել է 18,7 մլրդ դոլարով և ներկա պահին կազմում է 52,5 մլրդ դոլար:

Բացի այդ, Ցուկերբերգը միակ ամերիկացին է, որը հայտնվել է անցնող տարվա գլխավոր անհաջողակների ցանկում: 2018 թվականը Ցուկերբերգի համար անհաջող էր՝ պայմանավորված օգտատերերի տվյալների արտահոսքի շուրջ ծագած սկանդալով:

Կորուստ կրածների վարկանշային աղյուսակում տեղ են գտել նաև Zara ապրանքանիշի սեփականատեր Ամանսիո Օրտեգան, որը մեկ տարում 16,2 մլրդ դոլար է կորցրել, Continental AG ավտոպահեստամասեր արտադրող գերմանական ընկերության սեփականատեր Գեորգ Շեֆլերը (14 մլրդ դոլարի կորստով), Tencent ինտերնետ-հսկայի հիմնադիր Մա Հուաթենը (10,1 մլրդ դոլարի կորստով), աշխարհի խոշորագույն հեռուստահաղորդակցական ընկերություններից մեկի՝ America Movil-ի սեփականատեր Կառլոս Սլիմը (9,3 մլրդ դոլարի կորստով):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել