1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է՝ ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվհազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի՝ անկախ անձերից:

2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար պատմության բերումով մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի: Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ, երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցաված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահն այն է, որ ադրբեջանցիներն այդ պարը գրանցել են, ուշադրություն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանո՞ւմ եք, ինչ է կատարվել:

3. Ժամանակին Սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ՝ 1. ԱԳՆ-ն չէր կարողանում համարժեք լինել Սփյուռքի ներուժն ամբողջությամբ օգտագործելու հրամայականին; 2. Դա նաև լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ՝ հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները: Պատահական չէր, որ Ադրբեջանը մեզանից հետո նույնպես փորձում է ինստիտուցիոնալիզացնել իր աշխատանքն այդ ոլորտում: Ակնհայտ է, որ մեր այսօրվա ԱԳՆ-ն չի կարողանալու լիարժեք լուծել առկա խնդիրները:

4. Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել