Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում:
Աշխատակիցները բողոքում են նախարարությունների օպտիմալացման/միավորման դեմ: Նրանք դիմում-բողոք են պատրաստել հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով:

Աշխատակիցները բողոքում են, որ իրենց ոչ ոք օպտիմալացման մասին տեղյակ չի պահել:
«Մեզ միայն երեկ գրություն է ուղարկվել, որ նախարարությունը մի մասով միանում է Կրթության նախարարությանը, մյուս մասով՝ Քաղաքաշինության կոմիտեին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Աշխատակիցները պնդում են, որ ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել:

«Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ինչպես են որոշել. ինչպե՞ս կարելի է փակել նման կարևոր կառույցը»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:  

Նշենք, որ բողոքի ակցիային ներկա են նաև այլ գերատեսչությունների աշխատակիցներ: 
Մասնավորապես, Սփյուռքի նախարարության աշխատակիցը նշում է, որ իրենց գերատեսչության գործառույթները շատ կարևոր են, և նախարարության լուծարումը դեմոգրաֆիական նոր խնդիրների կհանգեցնի: 

Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։

Փոփոխությունների համաձայն՝ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել