Վերջին օրերին առավել մեծ թափով ադրբեջանական կողմից գալիս են տարբեր պաշտոնական հայտարարություններ, որոնք կապված են Արցախի հարցի կարգավորման հետ։ Պատմությունը ցույց է տվել, որ մենք հազվադեպ ենք նրանից դասեր քաղում, բայց կարելի է ուղղակի վերհիշել, թե կոնկրետ ինչպիսի հայտարարություններով էր հանդես գալիս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը 2016 թվականի ապրիլյան մարտերից մեկ տարի առաջ։ Պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչը տարավ մեզ այդ մարտերին, որպեսզի այս պահին առավել ուշադիր հետևենք նրանց կողմից հնչեցրած հայտարարություններին։

2015 թվականի մարտ ամսին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Սուդանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է․ «Հայկական կողմի վերջին ելույթները մեզ թույլ չեն տալիս լինել լավատես»։

Այս հայտարարությունից մեկ ամիս անց՝ 2015 թվականի ապրիլին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ապրիլի 29-ին՝ Նալբանդյանը, ապրիլի 30-ին՝ Մամեդյարովը։

Այս հանդիպումներից երկու ամիս անց՝ 2015 թվականի հունիսին, Մամեդյարովը հայտարարում է․ «Ադրբեջանը պատրաստ է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը»։

Փաստացի, Մամեդյարովը 4 ամիսների ընթացքում երկու իրար հակասող հայտարարություններով է հանդես գալիս։ Առաջին դեպքում նախարարը կորցրել էր իր լավատեսությունը, սակայն որոշ հանդիպումներից հետո պատրաստակամություն էր հայտնում խաղաղության համաձայնագիր կնքել։

Իսկ այս ամենից ընդամենը 1 տարի անց եղան ապրիլյան մարտերը։ Ուրեմն՝ պետք չի ականջի հետև գցել Մամեդյարովի որևէ հայտարարություն կամ առաջարկ։ Նա այս պահին կարող է խաղաղության մասին խոսել, մեկ ամիս անց պատերազմով վախեցնել։ Ուղղակի պետք է ճիշտ պահին հասկանալ, թե այդ հայտարարությունները կամ պայմանավորվածությունները դեպի ուր են տանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել