Operativ.am-ը գրում է

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել ֆինանսապես աջակցել պոլսահայ դպրոցներին: Աս մասին Փայլանը գրել է Facebook-ի իր էջում:

Փայլանը կոչ է արել հստակեցնել հայերի և այլ փոքրամասնությունների դպրոցների կարգավիճակը, քանի որ, չնայած Լոզանի պայմանագրին, որով Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին տրվում է համայնքային դպրոցներ ունենալու իրավունք, դրանց պաշտոնական կարգավիճակը հստակ չէ: Պետությունը կանոնակարգված չի աջակցում այդ հաստատություններին:

Փայլանը նշել է նաև, որ պետք չէ խուսափել բազմալեզու կրթության պրակտիկայից, որը կիրառվել է դեռ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում:

Հայ պատգամավորը նաև գրառման մեջ բերել է իր անձնական օրինակը:

«Ես սկսել եմ հայերենից, բայց, ինչպես տեսնում եք, թուրքերեն էլ եմ խոսում, անգլերենս ու իսպաներենս էլ են բավական լավ վիճակում»,- գրել է Փայլանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել