Բոլորս էլ գիտենք, որ հարկավոր է ճիշտ սնվել, սակայն երբ սոված ենք և գտնվում ենք արագ սննդի կետի հարևանությամբ, մենք միանգամից մոռանում ենք ճիշտ սնվելու կանոնների մասին։ Գիտնականները եկել են օգնության բոլոր այն մարդկանց, ովքեր անգամ քնած ժամանակ են մտածում փքաբլիթների և այլ սննդի մասին։ Նրանք գտել են միջոց, որը կարող է սովորեցնել, թե ինչպես ընտրել առողջ սնունդ։

Մարզասրահում մարզումները ոչ ոք չի չեղարկել, բայց, այնուամենայնիվ, փորձեք այս պարզ մեթոդները։

Մտածեք անառողջ սննդի մասին, կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը չեք հավանում

Յելի համալսարանի գիտնականները 3384 մարդու մասնակցությամբ իրականացված 6 փուլանոց հետազոտություններից հետո եկել են եզրակացության, որ մտավոր մարզումները կարող են մեծացնել առողջ սննդի հանդեպ ձգտումը։ Մասնակիցները 6 վայրկյանի ընթացքում պետք է նայեին անառողջ սննդի նկարներ՝ մտածելով նրանց բացասական հատկությունների մասին։ Սրանից հետո անառողջ սնունդ ուտելու ցանկությունը նվազել է 20 %-ով։

Մտածեք այն մասին, թե ինչն է ձեզ դուր գալիս առողջ սննդի մեջ

Հետազոտության հաջորդ փուլում մասնակիցները սկսում են մտածել առողջ սննդի դրական հատկանիշների մասին։ Արդյունքում առողջ սննդի ձգտումը ավելանում է 14%-ով։ Մտավոր մարզումներից հետո մասնակիցները 93-121 կկալ ավելի քիչ են կերել, քան առաջ։ Եթե պիցցայի և աղցանի ընտրության ժամանակ ծախսեք այդ 6 վայրկյանը, ապա, ամենայն հավանականությամբ, պիցցան ընտրելու ցանկությունը կնվազի։

Սնունդը գիտակցաբար ընտրեք

Ֆասթ ֆուդն ավելի մատչելի է և հասանելի, քան առողջ սնունդը, գովազդներում այն ավելի ցանկալի և գրավիչ են դարձնում և այս պայմաններում գայթակղությանը դիմանալը շատ դժվար է լինում։ Սակայն ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, ուղեղը կարելի է մարզել՝ հօգուտ առողջ սննդի, ուղղակի անհրաժեշտ է ավելի շատ տեղեկություն տալ նրան։ Այսպես՝ մասնակիցները պետք է սննդի մասին մի քանի հոդվածներ կարդային, որից հետո ընտրեին այն սնունդը, որը ցանկանում էին ուտել։ Ղեկավարվող խմբի հետ համեմատած՝ նրանք 5,4%-ով ավելի շատ էին առողջ սնունդ ընտրում։

Վնասակար սննդի համար համեղ փոխարինող գտեք

Եթե դուք չիպսի կամ նրբերշիկի սիրահար եք, ապա առողջ սննդի մեջ նրանց փոխարինող համեղ տարբերակ գտեք։ Դրեկսելի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Էվան Ֆորմանը գտնում է, որ սննդից ստացվող հաճույքի նվազեցումն ավելի հեշտ է տանել, քան սիրելի սննդից ամբողջապես հրաժարվելը։

Խաբեք ուղեղին՝ սնունդն ավելի շատ մասերի բաժանելով

Հետազոտությունների համաձայն՝ եթե սնունդը շատ մասերի է բաժանված, ապա մարդիկ համարում են, որ շատ են կերել և իրենց ավելի հագեցած են զգում։ Եթե դուք չեք կարողանում հրաժարվել քաղցրից, ապա շոկոլադը բաժանեք երկու մասի․ ձեր ուղեղն այն կընկալի որպես երկու շոկոլադ, և դուք ավելի շատ հաճույք կստանաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել