168.am-ը գրում է.

«Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է 24 տարբեր խնդիրներից։ Նրա դրական, բացասական կամ չեզոք գնահատականները մրցակից ուժերին, երկրում ստեղծված իրավիճակին  գրեթե համաչափ է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռեգիոն հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը՝  ներկայացնելով՝ «Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018» հետազոտության արդյունքները։

Ըստ նրա, ՀՅԴ-ն հիմնականում խոսել է 16 խնդիրներից, կուսակցության դրական և բացասական գնահատականներն ավելի շատ են եղել, քան չեզոք գնահատականները, ինչը, Լ. Բաղդասարյանի կարծիքով՝ բնորոշ գիծ չէ ՀՅԴ բնավորությանը, քանի որ նախորդ քարոզարշավների ժամանակ հակառակն էր՝ ՀՅԴ-ում գերակշռում էին չեզոք գնահատականները։

ՕԵԿ-ը նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է 17 խնդիրների և, ի տարբերություն ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հնչեցրած գնահատականներում դրականը և բացասականը համաչափ են եղել։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքին, «Լուսավոր Հայաստան» և ՔՈ սոցիալ-դեմոկրատական  կուսակցությունների այս կամ այն խնդրին տված գնահատականներին, ապա նրանց մոտ դրականը, բացասականը կամ չեզոքը հավասար են եղել։

Անդրադառնալով ՀՀԿ-ին, Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ նրանք խոսել են 18 խնդիրների մասին, և տված գնահատականներում գերակշռել է բացասականը։
«18 խնդիրների մասով էլ բացասական գնահատականները հնչել են միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հասցեին՝ հակաքարոզչության, քննադատության տեսքով։ Այդ բացասական գնահատականները մի քանի անգամ ավելի շատ են եղել, քան դրական կամ չեզոք գնահատականները։ Այստեղ մենք գործ ունենք ՀՀԿ-ի բացասական նախատրամադրվածության հետ»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը։

Խոսելով  «Սասնա ծռեր», Քրիստոնեա -ժողովրդական վերածնունդ կուսակցությունների քարոզչական գնահատականներից՝ Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նրանց մոտ դրական և բացասական գնահատականները նույնպես համաչափ են եղել։
Իսկ ահա «Մենք» դաշինքում դրական տրամադրվածությունն ավելի շատ է եղել, քան չեզոքը կամ բացասականը։

«ԲՀԿ-ն մնացել է իր ավանդույթներին հավատարիմ, ինչպես նախկինում, այնպես էլ այս նախընտրական քարոզարշավի ժամանակ մրցակից ուժերի հասցեին բացասական գնահատականներ քիչ է արվել՝ հիմնականում եղել է չեզոք կամ դրական։ «Ազգային առաջընթաց կուսակցությունը» նույնպես դրական գնահատականներ է հնչեցրել»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել