168.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «գաղտնազերծել» է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության որոշ մանրամասներ։

Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե պատասխանել է Փաշինյանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ դժգոհությանը: «Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո՛լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,- ասել է Լուկաշենկոն:

Նա պատմել է նաև 2016թ. Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակներում Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մասին, թե ինչպես են իրենք առաջարկել հանձնել 5 շրջաններն Ադրբեջանին ու ինչպես են մերժում ստացել։ Բելառուսի նախագահի այս «սենսացիոն» հայտարարությունները, հնարավոր է, արժանանան նույն ճակատագրին, ինչ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին ավելի վաղ նրա պնդումները, թե այդ հարցը կլուծվի մինչև տարեվերջ, մինչդեռ պաշտոնական Մոսկվան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի շուրթերով, հերքեց դա։

Այժմ պաշտոնական Երևանը Լուկաշենկոյի հայտարարությունն առնվազն միակողմանի է որակում՝ նշելով, թե Բելառուսի նախագահը լռում է Փաշինյանի պատասխանների մասին:

Լուկաշենկոյի՝ Սերժ Սարգսյանի մասին հիշատակումներին ՀՀԿ-ականները չեն անդրադառնում՝ ասելով, որ իրենք իրենց բաժին հարցերին ժամանակին լիուլի պատասխանել են։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում հորդորեց լուրջ չընդունել Լուկաշենկոյի հայտարարությունները։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում ուղղակի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ տարիներ շարունակվող ինտրիգները, Ադրբեջանին բացահայտ պաշտպանելու փորձերը և այլն, հաջողվում էր Բելառուսին և Ղազախստանին, իսկ Սերժ Սարգսյանը լռում էր. «Այժմ փոխվել է ՀՀ իշխանությունը, և նման փորձերի առաջին իսկ շարունակության ժամանակ միանգամից տեսան, որ ամբողջը ջուրը լցվեց, իրենք ոչ մի բան են, և Փաշինյանն այնտեղ խնդիրները լրջացրեց։

Հիմա Լուկաշենկոն ինչ-որ հայտարարություններ է անում, փորձում է ծաղրել, Ադրբեջանին ասում է՝ Սարգսյանին սա է ասել, սա է արել, համոզել է, բայց ոչ մի լուրջ բան չկա։ Այս տարիների ընթացքում ինտրիգների փչած փուչիկը պայթել է, և էական բան էլ չի ասում, արդարացնում է իրեն, ուրիշներին է մեղավոր հանում։ Կարելի է արհամարհել, ծաղրուծանակի առարկա է, լուրջ քաղաքականություն չկա դրա մեջ»։

Մ. Սարգսյանի կարծիքով՝ առավել ուշադրության է արժանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ. «Դա շատ լուրջ է, և դա է քաղաքականությունը, որ բոլորի բերանը փակել է, ոչ կարող են շնորհավորել, ոչ կարող են նրան ասել՝ ինչու է արել նման բան։ Ես զարմանում եմ, թե ինչու են Հայաստանում լուրջ ընդունում Լուկաշենկոյին կամ Նազարբաևին։ Տարիներ շարունակ Հայաստանին օգտագործել են՝ նրանց զսպելու համար։ Ռուսաստանը բոլոր երկրներով խաղում էր։ ՀԱՊԿ-ում այս իրավիճակը տարիներ շարունակ նույնն է, դա անլուրջ կառույց է, որ ստեղծել է Ռուսաստանը՝ իր ազդեցությունը դրա անդամների վրա ուժեղացնելու համար, բայց ոչ մի քաղաքականություն, ոչ մի ռազմավարություն չկա»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Լուկաշենկոյին պետք է լուրջ ընդունել այնքանով, որ Բելառուսն Ադրբեջանին շատ վտանգավոր զենք է վաճառում՝ «Պոլոնեզը», Հայաստանի շահերին հակասող քայլեր է անում, Ադրբեջանի շահերն է ներկայացնում ՀԱՊԿ-ում. «Սա բավարար հիմք է, որպեսզի նրա հայտարարություններին լուրջ վերաբերվենք»։

Ղարաբաղի հարցում միջամտելու փորձերը, ըստ Ս. Դանիելյանի, Ադրբեջանի հետ սեփական շահն առաջ տանելու ու ֆինանսատնտեսական հարաբերությունների դիմաց վարձահատույց լինելու նպատակ ունեն.

«Լուկաշենկոն տարածքների հարցը լոբբինգ է արել, փորձել է դրանով վերադարձնել իր պարտքն Ալիևին, այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Ինձ համար անհասկանալի է ՀՀ քաղաքականությունը, կա՞ քաղաքականություն, թե՞ չկա քաղաքականություն, արդյոք Փաշինյանը ֆիքսե՞լ է՝ ո՞րն է Հայաստանի շահը, ՀԱՊԿ-ում ի՞նչ քաղաքականություն է վարելու, ո՞ւմ հետ է ընկերություն անելու, ո՞ւմ հետ է թշնամություն անելու, այդ հայտարարություններին ինչպե՞ս է պատասխանելու։ Մեզ պետք է այս հարցերն ավելի շատ հետաքրքրեն, բայց դրանց պատասխանները չկան, ու ոչ միայն մենք չունենք, այլև, ըստ երևույթին, նոր կառավարությունը»։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը հայտնվել է Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան պայքարի մեջտեղում. «Այսինքն՝ այդտեղ շահերի բախում կա, և Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ քաղաքականություն վարի, այսինքն՝ համեմատաբար ավելի փոքր երկրներն ինչ-որ պահանջներ ունեն Ռուսաստանից, ինչ-որ մտահոգություններ ունեն, և Հայաստանն էլ այստեղ երրորդ կողմ է հանդես գալիս, որը նոր երևույթ է։ Ու առաջին անգամ ՀԱՊԿ շրջանակներում մի երկրի նախագահ մի քանի պարբերություն է նվիրել Հայաստանին՝ որպես օպոնենտ, այսինքն՝ Հայաստանն իր կամքով կամ իր կամքից անկախ՝ ինչ-որ դերակատարություն է ստանձնել, և պետք է շարունակություն լինի, պետք է քաղաքականություն վարել, ինչը մենք չենք տեսնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել