168.am-ը գրում է.

«Այս փոխհրաձգությունը երկուսին էլ մեծ վնաս է տալու, որովհետև հսկայական քանակի կոմպրոմատ են իրար վրա թափում։ Չէի ասի, թե կոմպրոմատի թեմաները նոր են հանրության համար, որովհետև դա այս կամ այն չափով շրջանառության մեջ էր լինում։ Այս ամենի արդյունքում երկուսն էլ բավականին տուժելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ի պատասխան 168.am-ի այն հարցի, թե ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև ընթացող փոխհրաձգությունն ինչի՞ կարող է հանգեցնել։

Ըստ նրա՝ թեպետ որևէ լուրջ պատրանքներ չկային, որ այս երկու քաղաքական ուժերը նոր խորհրդարանում լինելու են դասական առումով ընդդիմություն, հիմա այդ ընդդիմադիր ռեյտինգն է՛լ ավելի է նվազում.

«Այս ամենի արդյունքում կարող են շահել երրորդ ուժերը՝ ընդդիմադիր դաշտում և իշխանությունում։ Ամենաանհասկանալին այն է, որ այս կոմպրոմատային պայքարը սկսվեց ոչ թե նախընտրական շրջանում, թեև համարվում էր, որ նրանք են մրցում երկրորդ և երրորդ տեղերի համար, իրենք բնական մրցակից էին, հասկանալի էր, որ պայքարելու են ձայների համար, և, եթե այդ կոմպրոմատների արդյունքում որևէ մեկը կորցներ ձայներ, մյուսն ավելի առաջ կլիներ, բայց կոմպրոմատների տարափը սկսվեց հետընտրական շրջանում։ Իհարկե, ֆորմալ առիթը բանավեճի ընթացքում Մարուքյանի և Ծառուկյանի միջև դիալոգն էր, բայց այդ բանավեճից հետո ժամանակ կար մինչև ընտրությունները, և նրանք մասին չխոսեցին»։

Այս ամենը, ըստ նրա՝ բերում է նրան, որ, եթե ինչ-որ հույսեր կային այդ կուսակցությունների հետ կապված, դրանք բավականին նվազում են։

«Որևէ քաղաքական ուժ կամ դեմք, ի տարբերություն նախորդ շրջանների, չի փորձում միջնորդ հանդիսանալ, հանդես գալ՝ որպես հաշտարար։ Շատ քաղաքական ուժեր շահագրգիռ են, որ այս երկու քաղաքական ուժերի վերաբերյալ որոշակի կասկածամտությունն էլ ավելի ավելանա։ Հիմնական կասկածն այն էր, որ խորհրդարանը գոնե ստարտային պայմաններում չունի իրական ընդդիմություն»։

Քաղտեխնոլոգն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի ներսից էլ կարող է ընդդիմություն առաջանալ. «Օրերս նման միտք արտահայտեց նաև փոխվարչապետ Ավինյանը, այնպես որ, շահագրգիռ ուժեր շատ կլինեն, որովհետև այս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում։ Սկսվում է մի նոր փուլ, առաջին հերթին՝ ընդդիմադիր դաշտը գրավելու, ընդդիմադիր դաշտում վերաձևավորումներ անելու առումով։ Եթե իշխանության առումով այս ընտրություններով կապիտալիզացվեց հեղափոխության արդյունքները, այս պարագայում չունեցանք հստակ պատկերացում, թե ինչ է իրենից ներկայացնելու ընդդիմադիր դաշտը, և այս պրոցեսները, թերևս, դրա համար են»։

168.am-ի հարցին՝ որքանո՞վ է ռեալ, որ հենց «Իմ քայլը» դաշինքի ներսից կձևավորվի այդ ընդդիմությունը, նա պատասխանեց, որ դա բավականին ռեալ է, և հենց այնտեղից կարող է ձևավորվել.

««Իմ քայլը» դաշինքն իր կազմով շատ բազմազան է, բազմատեսակ, բազմավեկտոր՝ թե աշխարհաքաղաքական, թե՛ ծագումնաբանության առումով, այնտեղ մարդիկ ներկայացնում են նույնիսկ տարբեր քաղաքական կուսակցություններ, հոսանքներ, շարժումներ, բաց և փակ հասարակական ինստիտուտներ, հիմնադրամներ։ Եվ հիմա, երբ շատ է խոսվում, որ ներսում կա պայքար այսինչ պաշտոնի, այսինչ դիրքի համար, ամենաբարդ դիրքերից մեկը, որ կարող է լինել, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնն է։ Դա բավականին բարդ կառավարվող միավոր է լինելու։ Դրա համար այնտեղ եղած բազմազանությունը ժամանակի ընթացքում կարող է ծնել ներքին ընդդիմություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել