Ավստրալիա

Ձյան, եղևնու և եղնիկների բացակայության պատճառով այստեղ Ձմեռ պապը հայտնվում է վառ գույներով ներկված ծովային կոստյումով, Սիդնեյի ափերին։ Միևնույն ժամանակ, պահպանելով հին աշխարհի կանոնները, Ձմեռ պապը սպիտակ մորուքով է լինում և կարմիր գլխարկով։

Ամանորյա գիշերը մարդիկ մեծ խմբերով այցելում են տարբեր հասարակական վայրեր, որտեղից դիտում են հրավառությունը։ Ավստրալական Ամանորի յուրահատկությունն այն է, որ կեսգիշերից հետո բոլոր ամանորյա միջոցառումները վերջանում են։ Ավստրալացիներն ամեն օր արթնանում են առավոտյան ժամը 5-6-ին և քնում են երեկոյան 10-ից ոչ ուշ, այնպես որ, ամանորյա կեսգիշերն իրենով արդեն բացառություն է, սակայն 00։10-ին բոլորն արդեն քնած են լինում։

Ավստրիա

Այստեղ մարդիկ պարտադիր են համարում լսել Վիեննայում գտնվող «Աշխարհի զանգը», որը տեղադրված է Սուրբ Ստեֆանի տաճարում։ Տաճարի հրապարակում դեկտեմբերի 31-ին հազարավոր մարդիկ են հավաքվում։  Այս երկրում հնուց եկած ավանդույթ է համարվում դիմավորել ծխնելույզ մաքրողին, հպվել նրան և մրոտվել։ Համարվում է, որ այն երջանկություն և հաջողություն է բերում։

Ավստրիայում Նոր տարուն ընդունված է միմյանց նվիրել մարմարյա կամ ապակե խոզուկներ։ Տեղի ավանդույթների համաձայն՝ այսպիսի խոզուկները հարստություն են բերում իրենց հետ։

Արգենտինա

Հին ավանդույթի համաձայն՝ պետական աշխատողներն անցնող տարվա վերջին օրը պատուհաններից դուրս են նետում հին օրացույցները, անպետք տեղեկանքները և թղթաբանությունը։ Երկրի գործունյա հատվածում՝ Բուենոս Այրեսում, արդեն կեսօրին բոլոր մայթերը ծածկված են լինում սպիտակ թղթերով։ Ոչ ոք չգիտի, թե երբ և ինչպես է առաջացել այս ավանդույթը։ Մի անգամ տեղի թերթերից մեկի աշխատակիցը պատուհանից դուրս էր շպրտել աշխատանքային ողջ արխիվը։

Բիրմա

Այստեղ Նոր տարին տոնվում է տարվա ամենաշոգ ժամանակաշրջանում, և նրա գալուստը նշում են ջրի փառատոնով։ Տեսարանը շատ գեղեցիկ է․ մարդիկ միմյանց վրա տարբեր տարաներից ջուր են լցնում։ Ջրվելուց ոչ ոք չի նեղվում, քանի որ այս կերպ նրանք միմյանց հաջող տարի են մաղթում։

Բրազիլիա

Այստեղ Նոր տարին պարահանդեսների և հին աստվածներին տուրք տալու ծես է համարվում։ Մինչ միլիոնավոր մարդիկ Կոպակաբանայի ափից դիտում են օվկիանոսից արձակված գեղեցիկ հրավառությունը, Լագունա դի Ֆրեյտասում տեղադրված լողացող 82 մ բարձրություն ունեցող եղևնին փայլում է նրա լույսերի տակ։

Բացի այդ՝ Ամանորի նախաշեմին օվկիանոսի ափերին հազարավոր մոմեր են վառվում։ Կանայք երկար հագուստներով մտնում են ջուրը և օվկիանոսի ալիքների մեջ են գցում ծաղիկների տերևներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել