ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում, որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում գործող կենսալաբորատորիաների առավել թափանցիկ աշխատանքը։ «Փաստաթուղթը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը և կենսալաբորատորիաների թափանցիկ աշխատանքը սպառնալիքների և ռիսկերի բացակայության առումով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Հետաքրքիր է, ինչու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այդ մասին իմանում ռուսաստանցի պաշտոնյայից, այլ ոչ մեր իշխանություններից։ Որքան հասկանում եմ, եթե պաշտոնական Մոսկվան այդ մասին որևէ բան չասեր, Հայաստանի իշխանություններն այդ փաստաթուղթը ստորագրելու էին, և բոլորիս կանգնեցնելու էին փաստի առաջ։

Ես ինքս դեմ եմ և համոզված եմ, որ հասարակության մեծ մասը ևս դեմ է օտարերկրյա կենսալաբորատորիաների գործնեությանը ՀՀ-ում։ Ինձ հետաքրքրում է մեկ հարց․ օտարերկրյա զինվորականների տեղակայման արգելքը դրվելու է այդ կենսալաբորատորիաներին կից գործող զինվորական մասերի վրա՞, թե՞ ընդհանարապես բոլոր տեսակի արտասահմանցի զինվորների առկայության վրա Հայաստանում։ Օրինակ՝ եթե, ասենք, պաշտոնական Երևանը որոշում է ՀՀ-ի տարածքում գործող ինչ-որ օդանավակայան վարձակալությամբ տրամադրել ինչ-որ երկրի, որը պատրաստվում է այն օգտագործելու նպատակով այդտեղ իր զինվորներին տեղակայել, ապա Մոսկվան մեզ արգելելո՞ւ է, թե՞ այս պայմանագիրը վերաբերելու է միայն կենսալաբորատորիաներին կից տեղակայվելիք զինվորական մասերին, որոնք, ըստ ռուսաստանյան, վրացական և ուկրաինական ԶԼՄ-ների, տեղակայված են ամերիկացիների կողմից Վրաստանում և Ուկրաինայում բացված կենսալաբորատորիաներին կից։

Այո՛, Հայաստանում արտասահմանցիների կողմից բացված վտանգավոր կենսալաբորատորիաներ չպետք է գործեն, սակայն ես դեմ եմ, որ մեր ռազմավարական գործընկերը պայմանագրերի միջոցով սահմանափակի մեր ինքիշխանությունը և որոշի, թե պաշտոնական Երևանը ում և ինչ պայմաններով պետք է թույլ տա, որ գտնվեն Հայաստանի տարածքում։

Ի դեպ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեզ «հանգստացրել է»։ Պարզվում է՝ Մոսկվան նույնաբովանդակ պայմանագիր է կնքելու նաև Ղազախստանի հետ;

ՀԳ. Անհրաժեշտ է, որ նոր ստորագրվելիք այդ պայմանագրի վերաբերյալ իր պարզաբանումներն անի նաև ՀՀ ԱԳՆ-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել