Հայկական ծագում ունեցող բյուզանդացի թագուհի Թեոդորային ուղղափառ եկեղեցին իր սրբերի շարքին է դասում։ Թագուհին առանձնանում էր նրանով, որ մեծ պատկերապաշտ էր, ինչն էլ գալիս էր ընտանիքից։

Սուրբ Թեոդորան, ըստ որոշ տվյալների, ծնվել է 815 թ. Փոքր Ասիայի հյուսիսում։ Նա սերում էր Մամիկոնյանների հին հայկական իշխանական տոհմից։ Ապագա կայսրուհու հայրը՝ Մարին Մամիկոնյանը, բյուզանդացի զորահրամանատար էր։ Նրա ծնողները պատկերապաշտության կողմնակիցներ էին և իրենց դստերը դաստիարակել էին աստվածավախության մթնոլորտում, որի պատճառով հետագայում կայսրական պալատում նա ստիպված էր բավականին անհարմարություններ զգալ:

Թեոդորան դարձավ Բյուզանդիայի կայսր Թեոփիլոսի կինը՝ ընտրվելով Բյուզանդիայի ամենագեղեցիկ կանանց միջից։

Թեոդորան և Թեոփիլոսն ամուսնացան 831 թ. Կոստանդնուպոլսի սուրբ Ստեփան եկեղեցում։ Ամուսնության ընթացքում ունեցան հինգ դուստր և երկու որդի։ Որդիներից կրտսերը՝ Միքայելը, 842 թ. ժառանգեց Բյուզանդիայի կայսեր գահը։

Թեոդորան, չնայած ամուսնու՝ պատկերապաշտության դեմ պայքարի քաղաքականությանը, դրա պաշտպանն էր, ով երբեմն նաև թաքցնում էր սրբապատկերներն իր հագուստի տակ կամ ապարանքի իր առանձնամասում գտնվող բազմաթիվ սնդուկների մեջ: Նույնիսկ եղել է դեպք, երբ պալատական ծաղրածուն նկատել է Թեոդորային սրբապատկերի առջև աղոթելիս և այդ մասին ակնարկել կայսրին: Սակայն Թեոդորան կարողացել է համոզել ամուսնուն, որ այդպիսի բան չի եղել: Իր շատախոսության համար ծաղրածուն Թեոդորայի կողմից հետագայում ենթարկվել է մարմնական պատժի: Ըստ բյուզանդական աղբյուրների՝ Թեոդորան և նրա հայկական ծագումը մեծ դեր են ունեցել հզոր ամուսնու կյանքում։ Ամուսնուց գաղտնի՝ կայսրուհին պատկերապաշտություն էր սովորեցնում նաև երեխաներին։

Թեոփիլոսի մահից հետո՝ 842-ին, Թեոդորան դարձավ այդ պահին անչափահաս ժառանգի խնամակալը։ Այդ ժամանակաշրջանում նրա հետ միասին կայսրության կառավարմամբ զբաղվում էր Խորհուրդը, որը կազմված էր պատկերապաշտության կողմնակիցներից։

Թեոդորան Կոստանդնուպոլսի տաճարում վերականգնեց պատկերապաշտությունը 843 թվականին։ Ինչպես նշում են պատմաբանները, կայսրուհին եկեղեցական արարողություն է կազմակերպել, որը կայացավ Մեծ պահքի առաջին կիրակի օրը։ Քրիստոնյա աշխարհի համար նշանակալից այս իրադարձության և սուրբ Թեոդորայի պատվին ուղղափառ եկեղեցին մինչ օրս ամեն տարի Մեծ պահքի առաջին կիրակի օրը հանդիսավոր կերպով նշում է պատկերապաշտության վերականգնման տոնը, որը կոչվում է «Ուղղափառության տոն»։

Հայկական իշանական ծագում ունեցող բյուզանդական կայսրուհին ռազմական հաղթանակների շարք է ունեցել։ Նրա կառավարման օրոք կանխվել է բուլղարացի արքա Բորիս I-ի ներխուժումը, որից հետո Բորիսը հայտնեց, որ իր ժողովուրդն ընդունում է քրիստոնեությունը։

Պատմաբանները նաև նշում են, որ Թեոդորայի խնամակալության օրոք կայսրությունում իշխանությունը պատկանում էր հայրապետական պաշտոնի ամենաբարձր պաշտոնյային՝ Թեոկտիստին, ով հետագայում սպանվեց Թեոդորայի՝ արդեն գահին բազմած որդու՝ Միքայել III-ի կողմից։

Որդու գահակալության սկզբից շատ չանցած՝ Թեոդորային և իր չորս դուստրերին, եղբայրների և որդու հրամանով, բռնի կերպով սափրեցին և ուղարկեցին վանք, որտեղ էլ Թեոդորան շարունակեց ապրել լռակյաց մասնավոր կյանքով։

Մահից հետո՝ 867-ին, նրա մասունքները տեղափոխվեցին Կորֆու կղզի, Կերկիրա, որտեղ մինչ օրս պահվում են Մայր տաճարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել