Armenpress.am-ը գրում է.

2018 թվականն Իրանի համար չափազանց բարդ տարի էր թե, տնտեսական, թե քաղաքական, և թե անվտանգության առումով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նրա խոսքով՝ Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը պայմանավորված է ոչ միայն ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցներով:

«Արտաքուստ տպավորություն է, թե ամբողջ Իրանը միասնական դիրքորոշում ունի ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ, բայց դա ամենևին այդպես չէ։ Շատ հաճախ արտաքին հիմնախնդիրները ներքին խնդիրների հետևանք են: Օրինակ, ամռան ամիսներին ընդդիմադիր ուժերը Իրանի նախագահի նկատմամբ անվստահության գործընթաց սկսեցին։ Սա կապված էր ինչպես Իրանում և դրանից դուրս տեղի ունեցող զարգացումների հետ»,-ասաց իրանագետը։

Արմեն Իսրայելյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, Հասան Ռոհանիի կառավարությանը հաջողվեց կարգավորել ֆինանսական ճգնաժամը։ Հաջողվեց նաև արմատական փոփոխություններ կատարել Կենտրոնական բանկում և պետական կառավարման համակարգում:

Խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններից՝  Արմեն Իսրայելյանը նկատեց, որ երկու երկրների համար տարին բավական հետաքրքիր էր: Հեղափոխությունից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հետո նրանց միջև հեռախոսազրույցներ տեղի ունեցան, ինչպես նաև Հայաստան ժամանեց Իրանի նախագահի հատուկ բանագնացը: Անդրադառնալով Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերութուններին՝ Արմեն Իսրայելյանը նշեց, որ դրական ցուցանիշները պահպանվում են: Այս տարի Իրանից Հայաստան արտահանվող ապրանքների շրջանառությունը աճել է մոտ 48 տոկոսով:

«Բայց պետք է ընդգծել, որ սա բավարար չէ։ Երկու երկրների առևտրաշրջանառությունը 300 միլիոն դոլարից չի անցնում, ինչը քիչ է, քանի որ երկու երկրներն այն ավելի մեծացնելու մեծ ներուժ ունեն»,- ասաց Արմեն Իսրայելյանը:  Նա ընդգծեց, որ Իրանից ու Հայաստանից քաղաքական ուղերձները վկայում են, որ պատրաստ են և կարճաժամկետ և հեռանկարային առումով համագործակցել:

Քաղաքագետ Լիանա Հովհաննիսյանն անդրադարձավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից՝ նշելով, որ ԱՄՆ-ն այդ առումով տարածաշրջանային երկրներից սպասումներ ունի: Այդ առումով, ըստ նրա, պատահական չէր ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի շրջանակում օրակարգային հարցերից էին Իրանի հետ կապված խնդիրները:

«Երբ ուսումնասիրում են տարածաշրջանի երեք երկրներում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները, ապա տեսում ենք, որ եթե Ադրբեջանում խոսվում է համատեղ Իրանի զսպելու մասին, ապա Հայաստանում նման շեշտադրումները բացակայում են: Ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները  որոշակի վերապահումներ են ներկայացրել, ինչը ընկալելի է եղել»,-ասաց  Լիանա Հովհաննիսյանը:

 Քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ-Հարավային Կովկաս հարաբերությունները 2018 թվականին բավական ակտիվ էին: Ակտիվությունն առավելապես դրսևորվեց տարվա երկրորդ կեսին, երբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Հարավային Կովկաս։ Այդ այցերը հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ, ամերիկյան վարչակազմը ցանկանում էր ճշտել տարբեր հարցերի շուրջ Հարավային Կովկասի երկրների իշխանությունների դիրքորոշումը:

«ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցի ժամանակ մի շարք կարևոր շեշտադրումներ կատարեց: Եթե Վրաստանի պարագայում ավելի շատ կարևորվեց անվտանգային համագործակցությունը, ապա Ադրբեջանի պարագայում էներգետիկ ոլորտում համագործակցությունն էր: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հիմնական շեշտադրումները վերաբերում էին ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Ադրբեջանի պարագայում այդ շեշտադրումները բացակայում էին, ինչն առավել քան տրամաբանական է»,- ասաց Լիանա Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է  հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա քաղաքագետը նշեց, որ տարին ակտիվ էր: ԱՄՆ-ն  դրական էր արձագանքել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին։ Մյուս բարենպաստ գործոնը երկկողմ նոր դեսպանների նշանակումն էր, որը նոր լիցք կհաղորդի հարաբերություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել