Եթե անգամ դուք ունեք մի քանի գիտական աստիճան և բարձր IQ, մեկ է, աշխարհում կգտնվեն մի քանի փաստեր, որոնց մասին դուք ընդհանրապես չեք լսել։

Ինչո՞ւ է ֆլամինգոն կանգնում մեկ ոտքի վրա

Ֆլամինգոներն առանձնանում են իրենց անսովոր կառուցվածքով. երկար վզով հսկայական մարմինը գտնվում է բարակ և երկար ոտքերի վրա։ Այս ամենը լրացնում է նաև այն հանգամանքը, որ այս թռչունները կարողանում են մեկ ոտքի վրա շատ երկար ժամանակ կանգնած մնալ։ Ինչո՞ւ հանգստանալ այսպիսի անհարմար դիրքով։

Ամբողջ խնդիրը ջերմափոխանակության մեջ է. բմբուլներով ծածկված մարմնի և մերկ ոտքերի հարաբերակցությունն այնպիսին է, որ քամու ժամանակ ֆլամինգոն շատ մեծ քանակությամբ ջերմություն է կորցնում, այդ պատճառով էլ քամու ժամանակ ֆլամինգոն կանգնում է մեկ ոտքի վրա, իսկ մյուսը թաքցնում է բմբուլների մեջ, որպեսզի տաքացնի այն։ Պարզվում է նաև, որ այս դիրքը նրանց ոչ մի անհարմարություն չի պատճառում։ Նրանց ֆիզիոլոգիան բացառում է ոտքի ճկումը, այդ պատճառով էլ այն միշտ ուղիղ է մնում, և ոչ մի մկան էլ չի լարվում։

Ինչո՞ւ որոշ մարդիկ չունեն մատնահետք

Թվում է, թե այսպիսի մարդիկ ստեղծված են գերգաղտնի կառույցներում աշխատելու համար, սակայն իրականում այս հատկությունն ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան օգուտ տալիս։ Մատների բարձիկների անհատական նկարների բացակայությունն անգամ անվանում են «էմիգրացիոն ձգձգման համախտանիշ», քանի որ այսպիսի մարդկանց համար երկրից դուրս գալը շատ մեծ խնդիր է դառնում։

Ներկայումս աշխարհում այսպիսի խնդիր հայտնաբերվել է ընդամենը 4 ընտանիքի մոտ։ Գիտականորեն այն անվանվում է ադերմատոգլիֆիա։ Այն կապված է պատասխանատու գենի մուտացիայի հետ։ Գիտնականները շարունակում են ուսումնասիրություններն այս ուղղությամբ, սակայն դեռևս որևէ նշանակալի առաջընթաց չեն գրանցել։

Ինչո՞ւ հնարավոր չէ տեսնել Մաչու Պիկչուի գլխավոր հատվածը

Ինկերի հին քաղաքի մասին խոսելով՝ մենք առաջին հերթին հարգանքի տուրք ենք մատուցում նրա հսկա պատերին և շինությունների համալիրին, սակայն մասնագետ Քենեթ Ռայթը համոզված է, որ Մաչու Պիկչույի ամենագրավիչ հանգամանքը ոչ թե ճարտարապետությունն է, այլ ինժեներիան։ Հիշեցնենք, որ ինկերն իրենց հսկա քաղաքը կառուցել են առանց կենդանական ուժի կիրառման, առանց երկաթե գործիքների և անգամ առանց անիվների։

Քենեթը կարծում է, որ քաղաքի շուրջ 60%-ը թաքնված է հողի տակ։ Այն կազմված է երկրի խորքերը գնացող շինությունների հիմքերից և ջարդված քարերից, որոնք օգտագործվում են որպես դրենաժ։ Շնորհիվ այսպիսի անհավանական լուծումների՝ քաղաքը պահպանվել է մինչև այսօր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել