1 ժամ 10 րոպե դրայվ. Black Star-ի ամենավառ աստղերից Եգոր Կրիդը երեկ պայթեցրեց մարզահամերգային համալիրի բեմը։ Թեև համերգը սկսվեց մեկուկես ժամ ուշացումով, այդուհանդերձ, հանդիսատեսը Կրիդին սպասում էր սրտատրոփ։ Խելահեղ շոուի հեղինակը երկրպագուներին ողջունեց առանձնակի ջերմությամբ: Կրիդն առաջին անգամ էր ելույթ ունենում երևանյան հանդիսատեսի առաջ, խոստովանեց՝ ընդունելությունից ոգևորված է։ Ասաց, որ կյանքի մեծ մասն անցկացրել է հայերի մեջ ու մի շարք տիպիկ հայկական արտահայտություններ է սովորել, ինչպես, օրինակ, «Բարև ձեզ, ախպեր», «Ո՞նց եք», «Ի՞նչ կա-չկա», «Լավ եմ» և այլն։ Երգիչը խորհուրդ տվեց վայելել համերգն ու դրական էմոցիաներով տուն գնալ։
Չնայած Կրիդը նշեց, որ ունեն հստակ համերգային ծրագիր ու դրանից շեղվել չեն կարող, բայց բացառություն արեց ու բեմ հրավիրեց իր ամենաակտիվ երկրպագուներից մեկին։ Դահլիճում այդ պահին իսկական ֆուրոր սկսվեց։ Երկրպագուհին նշեց, որ միշտ սիրել է Կրիդի երգարվեստն ու երեկ եկել էր իրեն մոտիկից տեսնելու։ «Что скажет мама» երգի ողջ ընթացքում աղջիկը մնաց բեմում ու ձայնակցեց երգչին։
Հիթային հնչյուններ ու ռիթմիկ շարժումներ. հանդիսատեսին ֆանստաստիկ համերգ ու էմոցիաների տեղատարափ էր սպասվում, իսկ կրքերն էլ ավելի թեժացան, երբ Կրիդը կատարեց վերջին շրջանի իր ամենահիթային կատարումները՝ «Потрачу», «Папина дочка», «Цвет настроения черный», «Гучи»։
Համերգի առավել ուշագրավ դրվագները ներկայացնում ենք ֆոտոշարքով։