Առողջության հետ կապված մի շարք կարծրատիպեր կան, որոնք իրականում ուղղակի մոլորություններ են։ Օրինակ՝ մանուկ հասակում դասական երաժշտություն լսելը չի նպաստում երեխայի ինտելեկտուալ տվյալների զարգացմանը, իսկ կրծկալի մշտական կրումը չի մեծացնում քաղցկեղի հավանականությունը։

Վաղ հասակում Մոցարտ լսելը երեխային հանճար է դարձնում

1993 թվականին Nature ամսագիրը գրեց, որ Մոցարտի ստեղծագործությունները լսելուց հետո ուսումնարանի ուսանողների մոտ բարձրացել է թեստը գրելու արդյունավետությունը։ Իմանալով այս մասին՝ ԶԼՄ-ները սկսեցին մի շարք հոդվածներ տպագրել այն մասին, որ Մոցարտի ստեղծագործությունները երեխային հանճար են դարձնում։ Իրականում ուսանողները Մոցարտ են լսել ընդամենը 15 րոպե և պարզ թեստեր են լուծել, ինչը չի կարող վկայել ինտելեկտի մակարդակի բարձրացման մասին։

10 տարի անց գիտնականների խումբը մի շարք հետազոտություններ է կատարել, սակայն այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ դասական երաժշտություն լսելը որևէ կերպ ազդում է ինտելեկտի վրա։

Կրծկալի մշտական կրումը մեծացնում է քաղցկեղի հավանականությունը

2014 թվականին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կրծկալի կրումը քաղցկեղի զարգացման հետ ընդհանրապես կապ չունի։ Ֆրեդ Հաթչինսոնի անվան քաղցկեղի ուսումնասիրության կենտրոնի գիտնականները հետազոտել են ավելի քան 1500 կնոջ։ Նրանցից 1000-ը քաղցկեղով հիվանդ էին։ Պարզելով, որ նրանք միշտ կրծկալ են կրում, գիտնականները եկել են եզրահանգման, որ կրծկալի մշտական կրումը քաղցկեղի զարգացման հետ ընդհանրապես կապ չունի։

Ավելի լավ է օրական 5-6 անգամ ուտել, բայց փոքր չափաբաժիններով

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի ընդունման հաճախականությունը չի ազդում նյութափոխանակության արագության վրա։ Այսինքն՝ այն համոզմունքը, որ ավելի լավ է 5-6 անգամ սնվել, բայց փոքր չափաբաժիններով, ոչ մի գիտական հիմնավորում չունի։ Կարևորը՝ պահպանել ճիշտ սնվելու կանոնները։

Նյարդային բջիջները չեն վերականգնվում

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ մարդն ի ծնե որոշակի քանակությամբ նեյրոններ ունի, որոնց քանակությունը տարիքի հետ անընդհատ նվազում է։ Սակայն պարզվում է, որ ամբողջ կյանքի ընթացքում ուղեղը անընդհատ նոր նեյրոններ է արտադրում։ 2000 թվականին գիտնականներ Փիթեր Էրիկսոնն ու Ֆրեդ Գեյջը ապացուցել են, որ ուղեղի որոշ հատվածներում նեյրոններ են արտադրվում անգամ 70 տարեկան մարդկանց մոտ։

Մեր մատնահետքերը եզակի են

Դեռևս մանուկ հասակից մենք գիտենք, որ մեր մատնահետքերը եզակի են, որի պատճառով էլ մեծ դեր են խաղում հանցագործներին ճանաչելու համար։ Սակայն Մեծ Բրիտանիայի դատական փորձագետ Մայկ Սիլվերմանը նշում է, որ մատնահետքերի եզակիության հավաստի ապացույցներ չկան։

2005 թվականին իրականացված հետազոտություններից մեկի ժամանակ գրանցվել է մատնահետքերի սխալ ճանաչման 22 դեպք, որի հետևանքով մի շարք անմեղ մարդիկ պատիժ են կրել։ Սիլերմանը նշում է, որ ընտանիքի անդամների մոտ հնարավոր են մատնահետքերի որոշակի համընկնումներ։ Այսպիսով չի կարելի համոզված լինել մատնահետքերի եզակիության հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել