ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր ներմուծվող լոլիկի որակի վերահսկողությանը և իրացմանը տեղական շուկայում: Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումով ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ սահմանվել է խստացված հսկողություն, հատուկ ուսումնասիրություններ են իրականացվել ներմուծվող լոլիկի համապատասխանությունը ընդունված չափանիշներին ստուգելու նպատակով:

Այնուհետև ջերմոցատերերը ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Առանձին անդրադարձ է կատարվել ներմուծման իրավական մեխանիզմների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Հնչել են մի շարք առաջարկներ ոլորտի բարելավման և կարգավորման ուղղությամբ:

Քննարկվել են նաև ջերմատներում այլընտրանքային մշակաբույսերի մշակման կազմակերպման, արևային էներգիայի օգտագործման համակարգերի ներդրման հնարավորությունները:

Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ, օպերատիվ արձագանքել բոլոր խնդիրներին և ուսումնասիրել բոլոր առաջարկները, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել