1943 թ. դեկտեմբերի 13-ն այն օրն էր, երբ Հունաստանում նացիստական օկուպացիոն ուժերն ամենամեծ վայրագությունն իրականացրին՝ սպանելով 500 անմեղ բնակչի: Կալավրիտա քաղաքն ամբողջությամբ հողին հավասարեցվեց:

Կալավրիտայի կոտորածը, որը հայտնի է նաև որպես Կալավրիտայի հոլոքոստ, իրականացվել է գերմանական 117-րդ եգերյան դիվիզիայի կողմից: Կալավրիտայի արական բնակչության բնաջնջումը պատիժ էր 68 գերմանացի զինվորների սպանության դիմաց, որոնք գերի էին ընկել հույների մոտ:

Կալավրիտայի ընդդիմադիրները

«Կալավրիտայի օպերացիան» գերմանական հակահարվածի տիպիկ օրինակ էր այն շրջաններում, որտեղ պարտիզանական գործողություններ էին իրականացվում: Այն ուղղված էր շրջանի խաղաղ բնակչությանն ու Երրորդ ռեյխի կողմից կատարված ամենադաժան կոտորածներից մեկն էր ոչ միայն Հունաստանում, այլև ողջ Եվրոպայում:

Կալավրիտան ուժեղ ընդդիմադիր ուժեր էին ձևավորել 1943-ից սկսած: Գերմանական բանակը սկսեց անհանգստանալ հեղափոխական գործողությունների աճով և ցանկանում էր կոտրել դրանք օպերցիայի միջոցով, որն ընդգրկեց ռմբակոծություն, հրդեհներ և մահեր:

Կալավրիտայի ընդդիմադիր մարտիկները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ

Այս օպերացիան իրականացնելու հրամանը տրվեց, երբ ընդդիմադիր ուժերը ոչնչացրին Հոփթման Հանս Շոբերին 1943 թ. հոկտեմբերի 17-ի Կերպինիի ճակատամարտի ժամանակ, և 86 գերմանացի զինվորները գերի վերցվեցին:

Գերմանական զորքերը նախաձեռնեցին հարձակումները սկսել հունական երեք քաղաքներից՝ Տրիպոլիից, Աեգիոյից և Պատրասից, և վերջապես հասան Կալավրիտա: «Ճանապարհին» նրանք հրդեհում ու ավիրում էին ամեն ինչ:

Ոչնչացման ուղին անցնում էր նաև մի շարք գյուղերով, ինչպիսիք էի Ռոջին, Կերպինին, Սուվարդոսը, Վրաչնին, Կալանոսը, Վլասիան, Մանեսին, Սարադին, Մասսին և այլն, ինչպես նաև մեծ նշանակություն ունեցող տաճարներ:

Դեկտեմբերի 9-ին նացիստները մտան Կալավրիտա: Շատ բնակիչներ արդեն իսկ վախից լքել էին տներն ու հեռացել, սակայն գերմանացիները հետ կանչեցին կալավրիտացիներին՝ երաշխավորելով, որ չեն վնասի նրանց: Իրականում, գերմանացի հրամանատար Էբերսբերգերը «ռազմական խոսք էր տվել» պարզապես հանդարտեցնելու անհանգիստ ու վախեցած բնակիչների:

Ապստամբ զինյալների տները հրդեհելուց և Կերպինիի ճակատամարտում վիրավորված ու գերի վերցված գերմանացիներին փնտրելուց հետո՝ դեկտեմբերի 12-ին, գերմանացիները հավաքվեցին, որպեսզի լքեն քաղաքը:

Սակայն դեկտեմբերի 13-ի վաղ առավոտյան գերմանական նոր ռազմական ուժեր ժամանեցին քաղաք բազմաթիվ ավագ սպաների հետ միասին: Գերմանացիները զանգեցին քաղաքի եկեղեցու զանգերը և հրահանգեցին ողջ ժողովրդին հավաքվել տարրական դպրոցի տարածքում՝ իրենց հետ բերելով ծածկոցներ և մեկ օրվա համար նախատեսված սնունդ:

Այնտեղ նրանք առանձնացրին տղամարդկանց կանանցից և երեխաներից: Կանանց ու երեխաներին հրահանգեցին մնալ դպրոցում, մինչդեռ 14 տարին լրացած բոլոր տղամարդկանց խմբերով առաջնորդեցին մոտակայքում գտնվող Կապի Ռակե դաշտը: Դաշտը գտնվում էր լանջի վրա և ամֆիթատրոնի ձև ուներ, որը թույլ էր տալիս այնտեղից տեսնելու ողջ քաղաքը: Այնտեղից նաև չափազանց բարդ էր փախչելը:

Գերմանացիները դպրոցը, որտեղ գտնվում էին կանայք ու երեխաները, հրդեհեցին տղամարդկանց աչքի առջև:

Կալավրիտայի գնդակահարված տղամարդիկ

Այդ սարսափելի տեսարանը դիտելուց րոպեներ անց նացիստները գնդակահարեցին բոլոր տղամարդկանց: Ըստ գերմանացի պատմաբան Հերման Ֆրանկ Մեյերի՝ գերմանական ուժերի գլխավորը՝ գեներալ Կառլ վոն Լը Սուիրը, հստակ հրաման էր տվել՝ գրանցելու բոլոր զոհերի անունները:

Ընդհանուր հաշվարկով 499 մարդ է այդ օրվա ընթացքում զոհվել Կալավրիտայում: Տասներկու տղամարդ հաջողել են փախչել առանց գերմանացիների իմացության: Իսկ Կալավրիտայի և հարևան գյուղերի զոհերի թիվը, միասին հաշված, անցնում է 677-ը:

Կանայք ու երեխաները, որոնք խաբվեցին դպրոցում, այրվում էին, սակայն վերջին վայկյաններին նրանցից ոմանք փախչել են՝ կոտրելով պատուհաններն ու դռները: Պատմում են, որ ավստրիացի մի զինվոր, որի հսկողության տակ թողել էին դպրոցը, մի դուռ բաց էր թողնել, որպեսզի փախչելու փոքրիկ հնարավորություն լինի:

2000 թ. ապրիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոհանես Ռաուն այցելեց Կալավրիտայում գտնվող հուշահամալիր և իր ափսոսանքն ու ցավակցությունը հայտնեց զոհերի հիշատակին: Վերոնշյալ տարրական դպրոցի վայրում այժմ թանգարան է կառուցված, որը նվիրված է Կալավրիտայի հոլոքոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել