168.am-ը գրում է.

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն` ի՞նչ անել: Շատերն առաջարկում են կտրուկ քայլերի դիմել, քանի որ «Վալլեքս» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև տեղի ունեցած բանակցությունները կարծես թե արդյունք չեն տվել:

«Դեռ ամեն ինչ անորոշ է։ Քայլեր պարտադիր ձեռնարկելու ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Գարեգին Անտաշյանը:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այս ընթացքում աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ստանում, գործարանի նախկին աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը հաստատեց՝ վերջին երկու  ամիսներին  ծանուցումներ ստացել են:

«Դեկտեմբերի 24-ին կվերջանա ամեն ինչ»,- նկատեց Արմեն Կիրակոսյանը:

Հարցին՝ արդյո՞ք Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում նրանք կկարողանան աշխատել այնտեղ, Արմեն Կիրակոսյանը պատասխանեց

«Այո՛, եթե աշխատի՝ հարմար է, բայց դա էլ չկա: Շատ ժամանակ կպահանջվի դրա համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը:

«Թեղուտի հանքավայրն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի  հսկողության  ներքո։  Մենք  պարտավորություն  ենք դրել բանկի վրա՝ ներգրավելու նոր օպերատոր, ով կաշխատացնի այդ հանքավայրը։ Հիմա մեր  հայրենակից, ռուսաստանահայ Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը։ Մենք մի պայման ենք դրել ու խնդիր ենք առաջադրել Պետրոսյանին, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե պատմությունը երկարի, պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում: Բայց առանց  այդ ամբարտակի նորոգման՝ հնարավոր չէ աշխատեցնել հանքը։ Շուրջ 14 մլն դոլարի ներդրում է պետք վերանորոգման համար, որից հետո հանքավայրը կաշխատի, հնարավորինս արագ, շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,- ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը, իսկ  հոկտեմբերի 23-ին աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։

Իսկ հոկտեմբերի 22-ին «Վալլեքսը» հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքների կասեցման պատճառները:

«2018թ. հոկտեմբերի 19-ից կասեցվել են «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները (Ալավերդիում պղնձարտադրությունն իր 250-ամյա պատմության ընթացքում կանգ է առել չորս անգամ):

«Էյ-Սի-Փի» ընկերության գործունեության կասեցման պատճառները մի քանիսն են, որոնք ներկայացված են ստորև. 2017թ. հոկտեմբերի 1-ից, չնայած ծծմբային անհիդրիդի տարեկան 5,600 տոննա սահմանային թույլատրելի սահմանաչափի թույլտվությանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը մթնոլորտ կազմել է տարեկան շուրջ 38,000 տոննա:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ նոյեմբերի 2-ին  «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի: Նա ընդգծել է նաև, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ-Հայաստան բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ՝ կառավարության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել