Մի անգամ աշխատանքից դեպի մարզային կառավարման համար նախատեսված քարե տնակի ճանապարհին մեզ շրջափակեց 8-12 տարեկան տղա երեխաների մի խումբ :

Մարզպետը ամենայն անկեղծությամբ հարգանք ցույց տվեց խմբի փոքրիկ, սակայն հպարտ առաջնորդին և ասաց.

-Ի՞նչ կարող է անել մարզպետն այս նվիրյալ քաղաքացիների  համար :

-Մենք եկել ենք մեր փայտե զենքերը իրականով փոխարինելու :

-Մենք զենքի կարիք շատ ունենք, երեխանե՛ր, - ասաց մարզպետը, - և դրանք տրամադրում ենք միայն նրանց, ովքեր շարքերում կանգնած ունակ են հրամաններ կատարելու :

Պատասխանը շատ չուշացավ.

-Մենք դա կարողանում ենք անել :

Հոգսերի մեջ թաթախված մարզպետիաչքերն արդեն փակվում էին ձգձգվող հանդիպման ընթացքում, սակայն նա ասաց.

-Եկե՛ք տեսնենք, թե ինչ կարող եք դուք անել :

Խմբի 12-ամյա առաջնորդը իր ջոկատին կտրուկ հրաման տվեց և թեթև տախտակներից պատրաստված 28 փայտե զենքեր առանց ձայնի նետվեցին ձյունե փողոցի վրա : Հաջորդ հրամաններից հետո կրկին բարձրացվեցին, դրվեցին երեխաների ուսերին : Մանկահասակների դեմքերին ոչ մի վայրկյան ժպիտ չհայտնվեց :

Այնուհետև նրանք չորս-չորս վերադասավորվեցին. զինվորական ծառայությանը վերաբերող երեխաների նման խաղերը մեզ՝ մեծահասակներիս, ստիպում են ժպտալ, սակայն իրականում բոլորս ենք ցավում, որ անգամ երեխաներն են դրա մասին մտածում :

Այս երեխաների մեծ մասի հայրերը նախկինում սպանվել են, կամ մայրերն են ինքսնասպան եղել՝ քրդական հրեշներից ազատվելու համար :

Մարզպետը խորը ադեցության տակ էր.

-Որտե՞ղ եք ապրում, - հարցրեց նա՝ ենթադրելով, որ երեխաները եկել են մոտակա քաղաքային թաղամասից :

-Մենք եկել ենք Արտամետից, - հնչեց մի անսպասելի պատասխան :

Խոսքը գնում էր մեր գտնվելու վայրից թուրքերի դիրքերի ուղղությամբ 6 մղոն հեռավորության վրա գտնվող լճափնյա գյուղի մասին :

Մի քանի օր առաջ առատ ձյուն էր եկել, իսկ այդ ժամանակ ցերեկային ստվերն ավելի երկար էր դարձել : Անգամ հզոր տղամարդիկ գիշերով հեշտությամբ չէին կարողանա Արտամետ հասնել :

Այդ իսկ պատճառով մարզպետ Համբարձումյանը մեզ ու երիտասարդ առաջնորդին խորհրդի հրավիրեց, որից հետո տղաներին զինվորական սնունդ բաժին հասավ՝ մեկ կտոր սև հաց և շաքարով թեյ, ինչպես նաև նրանց գիշերելու վայր տրամադրվեց քաղաքի կայազորի շտաբում : Սակայն երեխաները հրաժարվեցին տուն վերադառնալ այնքան ժամանակ, մինչև նրանց զենք չտրամադրվի :

Մարդասիրական օգնությունը ոչ միայն ստամոքսի, այլև հոգու հարց է : Առավոտյան ավագ ատաղձագործը մեր գտած լավագույն տախտակից փայտե սուր պատրաստեց՝ ամեն կերպ փորձելով դրան Սալադինի թրի կորությունը հաղորդել : Այդ ընթացքում տղաներին ծանոթացնում էին տարօրինակ արտադրանքների հետ, որոնք ստեղծվել էին մարդասիրական օգնության ամերիկյան կազմակերպությունում : Տղաներից յուրաքանչյուրին մի զույգ տաք բրդյա գուլպաներ տվեցին :

Վանի հրամանատարը փայտե սուրը ցույց տվեց Արտամետի տղաների ջոկատի հրամանատարին, այնուհետև երեխաները մեկ գծով զգաստ կանգնեցին մեր տան հողե տափակ տանիքին : Այնտեղ քաղաքի երիտասարդ հրամանատարներից մեկը, ով Հայաստաի հանրահայտ բանաստեղծներից մեկի որդին էր, պահպանելով բոլոր ձևերը՝ 12-ամյա հրամանատարին հանձնեց այն սուրը, որը արցունքն աչքերին ու ժպիտով պատրաստել էր հմուտ ատաղձագործը՝ ողջ հոգին ներդնելով պարզ գործի մեջ :

-Այս անգամ սուրը կարող ենք հանձնել միայն ձեր հրամանատարին, - ասաց մարզպետը, որը կարևոր ժողովը լքել էր, որպեսզի հրաժեշտ տա երեխաներին :

-Սակայն ես ցանկանում եմ, որ դուք պահպանեք կարգապահությունն ու մարզվեք. երևի կգա մի օր, երբ այդ ամենը ձեզ պետք կգա : Միասնակա՛ն եղեք ու պահպանե՛ք մարտական պատրաստվածությունը, առաջնո՛րդ, որպեսզի մեր երկիրը կարողանա խնդրել ձեզ՝ կատարել ձեր պարտքը :

-Մենք պատրա՛ստ կլինենք, - հպարտորեն պատասխանեց նոր սրի տերը :

Այնուհետև նա դիմեց իր ջոկատին.

-Զենքն ուսերի՛ն : Ա՛ջ-դարձ , քայլով մա՛րշ :

Եվ Արտամետի կամավորական ջոկատը ուղևորվեց դեպի իր հեռավոր գյուղ, որով ամիսներ անց թուրքական զորքերը անցնելու էին՝ Վանի կոտորածի ճանապարհին :

Հատված Մեյնարդ Ուիլյամսի հոդվածից՝ «National Geographic» ամսագրի 1919 թ. օգոստոսի համարից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել