Armenpress.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեռևս չի կարող նշել՝ աշխատանքը կշարունակի գործադիրում, թե օրենսդիրում: 

«Որտեղ էլ լինեմ, կշարունակեմ նույն պատասխանատվությունը կրել՝ կլինի դա գործադիրում, թե խորհրդարանում: Հնարավոր է, որ գնամ ԱԺ, հնարավոր է, որ մնամ գործադիրում, թիմը քննարկում է: Առաջիկա օրերին թիմային որոշումները կկայացվեն և կհայտարարենք այդ մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Թե ինչ սկզբունքով են առաջնորդվելու՝ ում գործուղեն գործադիր, ում օրենսդիր, Հարությունյանն ասաց, որ տարբեր չափորիչներով: «Ե՛վ  քաղաքական նպատակահարմարության, և՛ արդյունավետության, և՛ խորհրդարանում տվյալ անձի գտնվելու անհրաժեշտությամբ՝ թիմային տեսակետից ելնելով»,-ասաց նա:

Հարցին՝ 14000 ձայնը բավարա՞ր է խմբակցության ղեկավար լինելու համար, Հարությունյանը հայտնեց, որ նման սանդղակներ դրված չեն, թե ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որևէ պաշտոն զբաղեցնի: «Այսինքն՝ այստեղ ձայների հավաքած քանակով առևտուր չի գնում»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը։

Նա իր կատարած աշխատանքի դրական գնահատական է համարում այն հանգամանքը, որ նախորդ ընտրություններին կեղծիքի ու օլիգարխների կողմից բաժանվող ընտրակաշառքի պայմաններում հավաքել էր 4000, իսկ այս անգամ 14.000 ձայն, ինչը լրացուցիչ մոտիվացիա է կրկնակի աշխատելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել