Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Կաստաները Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 12-ը:

Կաստաների խոսքով՝ անցորդների ուղղությամբ կրակ բացած հրաձիգը դեռ չի հայտնաբերվել, և որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահին նրան հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ աշխատում է շուրջ 350 ոստիկան, այդ թվում՝ դատական ոստիկանության 100 աշխատակից ու Sentinelle-ի մի շարք զինվորականներ:

Բացի այդ` հանցագործին գտնելու համար հատկացվել է նաև երկու ուղղաթիռ:

Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում երեքշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, տեղի էր ունեցել հրաձգություն։ Տղամարդը կրակ էր բացել սուրբծննդյան տոնավաճառի այցելուների ուղղությամբ, այնուհետև փախել դեպքի վայրից։

Նշվում է, որ ոստիկանությունը պարզել է կրակ բացած անձի ինքնությունը: Պորտալի տվյալներով՝ հանցագործը Ստրասբուրգի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանությանը հայտնի է օրենքը բազմիցս խախտելու համար: Հայտնի է նաև, որ նա ներառված է այն անձանց ցանկում, որոնք վտանգ են ներկայացնում երկրի պետական անվտանգության համար:

BFM հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտարկում են որպես ահաբեկչական գործողություն: Դեպքի առթիվ Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել