Hraparak.am-ը գրում է.

«Աննախադեպ», «Երկու տասնամյակ անց վերջապես ՀՀ քաղաքացին կարողացավ ազատ կամարտահայտությամբ ձեւավորել խորհրդարան», «Դեկտեմբերի 9-ի ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ էին»․ այս եւ նմանատիպ գրառումներով են հեղեղված սոցիալական ցանցերը։

ՀՀ առողջպահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը համոզված է, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեւավորեց խորհրդարան։ «Քաղաքացու որոշումը ճի՞շտ էր, սխա՞լ էր՝ դա կերեւա ապագայում։ Ողջ աշխարհում է այդպես։ Բայց առաջին անգամ ՀՀ քաղաքացին իր քվեի միջոցով ձեւավորեց խորհրդարան։ Այն, որ ազատական քաղաքականության կողմնակիցները մուտք գործեցին խորհրդարան, դա էլ եմ գնահատում դրական։ Ուղղակի դեռ չի իրականացվել կառավարության ձեւավորման գործընթացը։ Ինձ թվում է, որ մենք կկարողանանք հստակ գնահատական տալ միայն այն դեպքում, երբ կձեւավորվի կառավարություն, եւ կառավարությունը կներկայացնի խորհրդարանի ծրագիրը։ Միայն այն դեպքում մենք հստակ պատկերացում կկազմենք, թե քաղաքացու տված քվեն ինչ կոնկրետ գործողությունների կտրանսֆորմացնի առաջիկա հինգ տարիներին։ Չեն եղել կեղծիքներ, ծեծ ու ջարդ եւ այլն։ Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ մենք կտեսնենք, թե նա որքանով կկարողանա ձեւավորել գործունյա կառավարություն։ Հուսանք, որ կլինի նպատակային եւ ծրագրային մոտեցում, որի մասին էլ կկարողանանք հստակ կարծիք հայտնել նոր խորհրդարանի մասին»,- մեզ հետ զրույցում նշեց Արարատ Մկրտչյանը։

Հարցին, թե խորհրդարան մուտք գործած քաղաքական ուժերը կկարողանա՞ն պահպանել բալանսը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Բալանսավորված քաղաքականությունը կպահպանվի առաջիկա ժամանակահատվածում։ Հաշվի կառնվեն մեր հարեւանները, մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ Բնականաբար՝ խորհրդարանը կփորձի բալանսավորված քաղաքականություն իրականացնել՝ հաշվի առնելով թե՛ ռուսական վեկտորը, թե՛ արեւմտյան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել