Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և կարծում, որ դրանք անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի և մարդու իրավունքների անվտանգության և համագործակցության կազմակերպության գնահատականներն առ այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները հնարավորություն ունեին ազատորեն իրականացնելու նախընտրական քարոզարշավը»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ, որ Հայաստանում ընտրական գործընթացը լայն հանրային աջակցություն է ստացել, պաշտպանվել են քաղաքացիների հիմնարար ազատությունները:

Բացի այդ՝ Պետդեպարտամենտը կոչ է արել իշխանություններին հետևել ԵԱՀԿ և Վենետիկի հանձնաժողովի տված խորհուրդներին՝ դրանք ապագա ընտրություններում կիրառելու նպատակով:

Ամերիկյան կողմը Հայաստանի նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ աշխատելու, երկկողմ գործընկերությունը խորացնելու, ինչպես նաև օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Պետդեպարտամենտը կարևորել է նաև համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի և ներդրումների զարգացման, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման ոլորտներում:
Ամերիկյան կողմն ընդգծել է, որ «այս տարի Հայաստանում նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել»:
«Քսանյոթ տարի Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ինստիտուտներին ու մտադիր է նույնկերպ շարունակել»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփել է դեկտեմբերի 9-ի քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27%, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել