Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: Այս մասին ասված է Հայ Յեղափոխական Դաշնակցության հայտարարության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում:
Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների:
Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը.
Ա. Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին,
Բ. Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման,
Գ. «Դաշնակցության» մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից,
Դ. Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում,
Ե.Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:
Այս կարճատև քարոզարշավը նաև կարևորվեց նրանով, որ մենք՝
Ա. Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ:
Բ.Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը:
Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին,
Մենք շնորհակալ ենք մեր երիտասարդներին՝
. անմնացորդ նվիրումի ու կրակոտ էներգիայի համար,
. մեր ընդհանուր գործի մեջ հոգի դնելու համար,
. հայության ամենաազգային և ամենապատասխանատու կազմակերպության հետ իրենց կյանքը կապելու համար,
Շնորհակալ ենք մեր շարքերին՝
· ամենօրյա հետևողական աշխատանքի,
· տարիներով ապացուցված հավատարմության,
· խստապահանջության, դիտողությունների, բայց և կարգապահության համար:
Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ստացել է 48 822 ձայն կամ 3.89%: