Armenpress.am-ը գրում է.

Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը, ով դեկտեմբերի 6-ին հայտնաբերվել և  ձերբակալվել էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, դեռևս չի արտահանձնվել Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«Նա դեռ Հայաստան չի տեղափոխվել: Մենք կհավաքենք համապատասխան փաստաթղթերի շրջանակը, ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է այդ հարցով: Կարևորն այն է, որ ձերբակալվել է: Նա ձերբակալված է Պրահայում, հետո կարտահանձնեն Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Օսիպյանը:

Նա կատարվածը որակեց որպես ոստիկանության միջազգային կառույցների հետ հաջող համագործակցության արդյունք: «Ամիսներ առաջ, մինչև հայտնաբերելը, երբ ասում էի, որ մեր տեսադաշտում է, ոմանք լրատվամիջոցներից կարծում էին, որ դրանք անլուրջ հայտարարություններ են: Բայց տեսեք, որ փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց: Սա շատ լավ համագործակցություն էր մեր գործընկերների՝ նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների, եվրոպական գրասենյակների հետ, որը տվեց իր արդյունքը»,- ասաց ՀՀ ոստիկանապետը:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում «Ինտերպոլ»-ի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել