168.am-ը գրում է.

Նիգերիայի նախագահ Մոհամմադու Բուհարին փորձել է ցրել շշուկներն այն մասին,թե ինքն իբր մահացել է, ու իրեն փոխարինել է նմանակը: Սոցցանցերում ավելի վաղ ենթադրություններ էին արվում, որ իսկական նախագահի փոխարեն հասարակությանը կներկայանա ինչ-որ սուդանցի` Ջուբրիլ անվամբ:

75-ամա Բուհարին մտադիր է մասնակցել 2019թ. փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, սակայն սկսած 2015թ.-ից` նա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: 2017թ. նա 3 ամսով մեկնեց Բրիտանիա` վերցնելով հիվանդության արձակուրդ:

Լեհաստանաում կլիմայական խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսին ելույթ ունենալով` նիգերիական առաջնորդը իր առողջության մասին պտտվող բամբասանքներն անվանեց «ստոր և անաստված»:

«Շատերը հույս ունեին, որ ես մահացել եմ հիվանդությունից: Որոշները նույնիսկ դիմել են փոխնախագահին` խնդրանքով իրենց նրա տեղակալ նշանակել` ենթադրելով, որ ես մահացել եմ: Դա, իհարկե, ապշեցրել է փոխնախագահին: Նա ինձ մոտ Լոնդոն եկավ, երբ ես բուժվում էի ու արդեն կազդուրվում…Դա իրականում այդպես է եղել, ես ձեզ վստահեցնում եմ»,-ասել է Բուհարին:

Նախագահն ընդունել է, որ «երբեք իր կյանքում այդքան լրջորեն չեմ հիվանդացել», սակայն չի հստակեցրել իր հիվանդության բնույթը ու վստահեցրել է, որ լիովին ապաքինվել է:

Նիգերիայի փոխնախագահ 72-ամյա Ատիկու Աբուբաքարը համարվում է առաջիկա ընտրություններում Բուհարիի հիմնական մրցակիցը:

Ընդդիմությունը մտադիր է ընտրողների ուշադրությունը բևեռել ներկայիս նախագահի առողջական խնդիրների վրա, սակայն Բուհարին պնդում է, որ նա «դեռ լի է ուժերով»:

Ֆրանս-պրեսս գործակալության տեղեկատվության համաձայն` նիգերիական քաղաքական գործչի առողջական վիճակի վատացման մասին լուրերը սկսեցին շրջանառվել Ֆեյսբուքում, Թվիթթերում ու այլ սոցցանցերում անցյալ տարվա վերջին, և այդ բովանդակությամբ գրառումները ավելի քան 500 000 դիտումներ ունեցան:

Գործակալությունը նշում է, որ այս լուրերը տարածողների թվում են եղել երկրի նախկին նախագահ Գուդլաք Ջոնաթանը, ինչպես նաև «Բիաֆրայի բնիկ ժողովուրդները» սեպարատիստական խմբավորման առաջնորդ Ննամդի Կանուն:

Իր Թվիթերյան էջում Կանուն նույնիսկ հրապարակել է Բուհարիի 2 լուսանկարները, որոնցից մեկում նա գրում է ձախ ձեռքով, իսկ մյուսում` աջով: Նա նույնիսկ նախագահի աշխատակազմին խնդրել է այդ լուսանկարների առիթով բացատրությամբ հանդես գալ:

Շատ նիգերիացիներ զարմացած են այն բանից, որ նախագահ Բուհարին որոշեց պատասխանել այն անսովոր պնդումներին, որ նա իբր Ջուբրիլ անունով նմանակ ունի:

Այդպիսի հայտարարությունները մի քանի ամիսների ընթացքում ընդունվում էին որպես համացանցային կատակներ կամ ֆեյքային նորություններ ու անտեսվում էին շատ լուրջ մեդիա-ռեսուրսների կողմից:

Սակայն այդ ինֆորմացիան օգտագործվեց Բուհարիի հակառակաորդների կողմից, որ ուշադրություն գրավեն նրա առողջական խնդիրների հանդեպ:

Հակառակ նախագահի օգնականների սպասումներին` նրա հայտարարությունն այն մասին, որ ինքը կլոն չի հանդիսանում, կարող է սոսկ ուժեղացնել հետաքրքրությունն իր առողջության նկատմամբ այն ժամանակ, երբ նա պատրաստվում է քայքայիչ նախընտրական քարոզարշավին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել