168.am-ը գրում է.

Այսօր Գյումրիում կառավարության արտագնա արտահերթ նիստից հետո Ամենափրկիչ եկեղեցու բակում, «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություն։

«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի մեծ երկրաշարժը, որի էպիկենտրոնը Նալբանդ, այժմ՝ Շիրակամուտ, գյուղում էր։ Երկրաշարժն ուներ 9-11 բալ ուժգնություն, աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթևան մնաց շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հանրային նշանակության և տնտեսական նշանակության հարյուրավոր, հազարավոր շենքեր, շինություններ։ Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և ընդհանրապես հոգեբանական և բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար»,- իր ելույթում ասաց Ն.Փաշինյանը։

Սակայն, ըստ նրա, այնուամենայնիվ, այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ, և աշխարհի միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա, որի ամենավառ օրինակը, թերևս, ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի օրինակն է։

Ն.Փաշինյանի խոսքով՝ այս աղետը նաև յուրօրինակ համաշխարհային համախմբման պատճառ դարձավ, աշխարհն իր ձեռքը մեկնեց Հայաստանին, այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ։ Նա նշեց, որ բացի բնակարանային խնդրից, աղետի հետևանքով ավերվեց ՀՀ արդյունաբերական մի հսկայական հատված, և «աղետի գոտու» վերականգնում ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն՝ բնակարանների ու հանրային նշանակության կառույցների, այլև վերականգնումն այն ողջ տնտեսական պոտենցիալի, որ եղել է այդ տարածքում։

«Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը, թերևս, մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ միշտ չէ, որ շենքերին զուգընթաց՝ վերականգնվում էին մարդկանց հույսն ու լավատեսությունը, և այժմ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները պետք է ծառայեն դրան։

Հույսի ու լավատեսության վերականգնումը Ն.Փաշինյանն անվանեց կառավարության ամենակարևոր առաքելությունը, որովհետև երկրաշարժից հետո հոգեբանական առումով Հայաստանն ամբողջովին վերածվել էր մի մեծ աղետի գոտու, և այդ աղետը պետք է հաղթահարվի.

«Ես համոզված եմ, որ մենք այսօր վստահ ենք քայլում այդ ճանապարհով, ընդ որում՝ պետք է քայլենք ազգովի»։

Ն.Փաշինյանը դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին և դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժած հայրենակիցներին. «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ցավերն իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքներն իմ հոգում են և վստահություն են ներշնչում՝ ասելու, որ ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու։ Եվ ուրեմն, կեցցե՛ Գյումրիի հերոսական ժողովուրդը, կեցցե՛ Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե՛ Սպիտակի հերոսական ժողովուրդը և, ընդհանրապես, հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել և հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ»։

Ն.Փաշինյանը 1 րոպե լռությամբ հարգեց 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել