Հասարակությունը ցնցված է, որ բառիս բուն իմաստով գնդակահարվել են երկու եղբայրներ, որոնցից մեկը՝ Զինված ուժերի գնդապետ, զորամասի հրամանատար…
Կատարվածը, ինչ խոսք, զազրելի ոճրագործություն է… Գոնե այս անգամ հույս ունենանք, որ անգամ վերջին սրիկան կպատժվի օրենքով սահմանված կարգով…
Բա՞յց… Ինչու՞ այսպես չենք ցնցվում, ինչու՞ չենք ապշում, երբ էությամբ հանցագործը դառնում է գյուղապետ, թաղապետ, քաղաքապետ, մարզպետ…հակառակը՝ երբեմն ծափահարում ենք, համարում ենք նրանց բարերար, մեծահոգի, աղքատներին օգնություն բաժանող, ավելին՝ ենթագիտակցորեն ներքուստ համաձայնվում ենք, որ այդպես էլ պետք է լինի, քանզի իրենք են մեր օրվա հերոսները՝ ամեն մեկն իր թաղի, քաղաքի, մարզի…
Ինչու՞ ենք միշտ հետին թվով դառնում դատափետող, քննադատող, անհանդուրժող…
Ինչու՞ չենք գծում այդ կարմիր գիծը, որ չի կարելի այս մարդուն, այս հանցագործին վստահել այս դիրքը, որ չի կարելի այս մարդուն և առհասարակ՝ որևէ մեկին չի կարելի շնորհել կրակելու արտոնություն… Ինչու՞ չենք ամաչում այս մարդկանց գոյությունից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել