Armenpress.am-ը գրում է.

Երեսուն տարի առաջ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից հետո տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով  Հայաստան ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանցից էր այժմ արդեն ՌԴ Պետական դումայի կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Օնիշչենկոն ասաց, որ իր համար պատվի հարց էր երկրաշարժի տարելիցի նախօրեին Հայաստան գալը:  

«Երբ բժիշկները եկան աղետի գոտի, հիմնական խնդիրը, որին բախվեցին, ոչ սովորական վնասվածքներն էին՝ ճզմված հյուսվածքները։  Նրանք հաճախ ստիպված էին տեղում օգնություն ցույց տալ`  անդամահատություն իրականացնելով: Բոլոր ծանր հիվանդներին Մոսկվա էին տեղափոխում, քանի որ Հայաստանի առողջապահության  նախարարությունը չէր կարող միայնակ օգնել բոլորին: Դա առաջին օրերին էր»,- նշեց նա:

Օնիշչենկոն ընդգծեց, որ երկրաշարժից հետո բոլոր բուժհաստատությունները գրեթե  ամբողջությամբ փլուզված էին: «Մենք Հայաստան ուղարկեցինք մասնագիտացված հակահամաճարակային խմբեր, որոնք կարող էին աշխատել  վատ պայմաններում,  երբ չկա էլեկտրականություն, ջուր և այլն: Բժշկական օգնություն ցույց տվող խմբերը հաստատվել էին Սպիտակի մարզադաշտում»,- պատմեց նա:

Բժշկի խոսքով`  դժվար էր համագործակցել տեղի բժիշկների հետ, քանի որ նրանք կորցրել էին հարազատների և սթրեսի էին ենթարկվել:

Օնիշչենկոն ասաց, որ այն հոգեբանական ճնշումը, որին ենթարկվել է ինքը, մինչ օրս կա: Թեև Սպիտակի դեպքերից հետո մասնակից է դարձել չեչենական իրադարձություններին, խոստովանում է, որ 1988-ի երկրաշարժը շատ ծանր փորձություն էր իր համար:

Դեկտեմբերի 7-ին Գենադի Օնիշչենկոն կմասնակցի հիշատակի արարողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել