Հարգելի՛ քաղաքացի,

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են:
Մենք` Ձեզ հետ միասին, սթափ գիտակցում ենք, որ այս ընտրություններում իշխանության հարցը կանխորոշված է:
Սակայն, թե որքանո՞վ արդյունավետ կլինի նոր կառավարության և օրենսդիր մարմնի գործունեությունը, մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում: Կլինի իրական, սկզբունքային և փորձառու ընդդիմությո՞ւն, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ ձևական ընդդիմություն: 
Հանրապետականը, անշուշտ, ունեցել է սխալների ու բացթողումների իր բաժինը, ինչի համար մենք անկեղծորեն զղջում ենք։ Սակայն, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խոր գիտելիքներ, ՀՀԿ-ն ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ: 
Իշխանության կարճ ժամանակահատվածում Փաշինյանի կառավարությունն արդեն հասցրել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում թույլ տալ Հայաստանի և Արցախի համար լուրջ վտանգ ներկայացնող բազմաթիվ սխալներ: 
Ժողովրդից թաքուն քննարկվում են այնպիսի ծրագրեր, որոնց կյանքի կոչելը էապես կծանրացնի մարդկանց առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը: Դրանց թվին են պատկանում եկամուտների համատարած հայտարարագրումը, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող գումարների հարկումը, օպտիմալացման պատրվակի տակ տասնյակ հազարավոր պետական ծառայողների, մոտ ապագայում՝ նաև բուժաշխատողների և ուսուցիչների աշխատատեղերի կրճատումը և այլն: 
Այդ ծրագրերի բացահայտումը և հանրությանը ներկայացնելը հնարավոր դարձավ հենց հանրապետականների շնորհիվ: Հետագայում ևս մենք պատրաստ ենք մեր ուժերը ծառայեցնելու Ձեզ և մեր հայրենիքին՝ լինի դա խորհրդարանում, թե նրանից դուրս:
Մենք ընտրությունների ենք գնում մտահոգ երկրի ապագայով և համոզված ենք, որ դուք էլ, մտահոգ լինելով Ձեր ընտանիքների բարեկեցությամբ և երեխաների ապագայով, երկրի անվտանգությամբ և զարգացման հեռանկարով, դեկտեմբերի 9–ին Ձեր ընտրությունը կկատարեք առանց ավելորդ հուզականության, սթափ բանականությամբ:
Դեկտեմբերի 9-ին մեր երկրի ապագայի ընտրությունն է։
Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է։

Վիգեն Սարգսյան 
Արփինե Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել