Բիրմայի (ներկայիս Մյանմա) գաղութացման ժամանակաշրջանը XIX դարում կապված է հայտնի հայ գործիչների անունների հետ, որոնք այդ երկիր էին գնացել Ասիայի հարավ-արևելքից առևտուրը զարգացնելու նպատակով։

Բալթազարների (Բալթազարյաններ) ընտանիքը, որը հիմնվել էր Մյանմայի նախկին մայրաքաղաք Յանգոնում դեռ XIX դարի կեսերին, համարվում էր երկրում ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը։

Ընտանիքի հայր Սամուել Բալթազար ավագը, լինելով հայկական ծագում ունեցող հայտնի պարսկական գործարար, Յանգոն եկավ 1866-ին։ Մինչ դա նա գործարարությամբ էր զբաղվում Մումբայում։

Մյանմայի նախկին մայրաքաղաքում և ամենախոշոր քաղաքում հայը հիմնեց իր «Messrs Balthazar & Son» ընկերության ներկյաացուցչությունը, որը տասնամյակ շարունակ զբաղվում էր առևտրային օպերացիաներով, ներդրումներով։

Ավելի ուշ գործարարը իր որդիների՝ Սամուելի և Կարապետի հետ Յանգոնում կառուցեց քաղաքի ամենահայտնի կառույցներից մեկը, որը պահպանվել է անգամ մեր օրերում։ Կարմիր աղյուսից պատրաստված չորսհարկանի շինությունը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, խոշոր բիզնես-կենտրոն էր՝ օտարերկրյա ընկերությունների հայտնի ներկայացուցիչներով, այդ թվում՝ գերմանական «Siemens»-ը։

Եղբայրներից մեկը՝ Սամուել Բալթազարը, ոչ միայն ակտիվ գործարար էր, այլև ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում քաղաքապետարանում և Յանգոնի առևտրի պալատում։

Ընտանիքի անդամները նաև մեծ բարեգործական գործունեություն էին իրականացնում։ Այսպես՝ Բալթազար եղբայրները սեփական միջոցներով Ֆիթչի հրապարակում անգլիական թագուհի Վիկտորիայի արձանը կանգնեցրին։

Արդեն XX դարի սկզբին նրանք Յանգոնում ժամանակի ամենաշքեղ առանձնատունը կառուցեցին, որի համար օգտագործվեց տեքու փայտ։ Այն համարվեց Հարավարևելյան Ասիայի ամենայուրօրինակ տներից մեկը։

1952-ին հայ գործարարները որոշեցին լքել երկիրը, վաճառեցին առանձնատունը Մյանմայի իշխանություններին, որոնք էլ այն դարձրին երկրի ղեկավարի նստավայր։ 1990-ականներին հայերի առանձնատունը վերածվեց լյուքս դասի հյուրանոցի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել