168.am-ը գրում է.

Ըստ շրջանառվող լուրերի՝ օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև։ Ըստ նույն լուրերի՝ Փաշինյանը նրանց խոստացել է անցկացնել ԱԺ՝ որպես պոտենցիալ էլեկտորատ, նկատի ունենալով իր ազդեցության տակ գտնվող աղանդավորական կազմակերպությունների անդամներին, որոնք շատ կազմակերպված ու միահամուռ քվեարկում են։ Խոսքը, մոտավոր հաշվարկներով, շուրջ 25.000 ձայնի մասին է, որոնք Փաշինյանի համապատասխան հրահանգի դեպքում կքվեարկեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին։

Հատկանշական է, որ այս օրերին ակտիվացել է նաև «Լուսավոր Հայաստանի» քարոզչությունը։ Ակնհայտորեն և՛ համացանցում, և՛ հեռուստաեթերի մոնիտորինգով տեսանելի է վերջին օրերին «Լուսավոր Հայաստանի» կողմից գնված եթերաժամանակի կտրուկ ավելացումը։

Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի պայմանավորվածությունները չեն ավարտվել միայն ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների անդամների ձայների խոստումներով։ Փաստորեն նոր, անհայտ բարերարներ են հայտնվել, ովքեր մեծ գումարներ են փոխանցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրամին, որոնց շնորհիվ նա իրեն մեծ ծախսեր է թույլ տալիս։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերադասում է Ազգային ժողովում ունենալ շատ ավելի լոյալ ու իրեն հնազանդ ընդդիմություն։

«Լուսավոր Հայաստանին», ի դեպ, մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ այս ընթացքում մեղադրում էին Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի քարոզչությունն անելու մեջ։ Ոմանք էլ նրանց մասին խոսելիս՝ ասում էին, որ ապագա ԱԺ-ում  կլինեն այնպիսի ընդդիմություն, ինչպիսին «Օրինաց երկիրն» (ՕԵԿ) է եղել Հանրապետականի համար. նրանք էլ կլինեն Նիկոլ Փաշինյանի «Օրինաց երկիրը»։

«168 Ժամի» թղթակիցը երեկ փորձեց կապ հաստատել Էդմոն Մարուքյանի հետ՝ ճշտելու հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն վերջինս սկզբում չէր պատասխանում հեռախոսազանգերին, այնուհետև անհասանելի էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել