ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ  Բադալյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

Նա նշեց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծելու  ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6-ամսյա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգի, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է:


ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ այն մեքենաները, որոնք կուտակված են մաքսակետում և այն մեքենաները, որոնք մինչև մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում, հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխելու ղեկը և շահագործելու:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հիմնականում այս մոտեցմանը կո՞ղմ են և ստացավ դրական պատասխան:

 «Այն ներմուծողները, որոնք մաքսակետում են, պարտավորություն են ստանձնել, որ սա վերջին խմբաքանակն է, որ հնարավորություն են ստանում մաքսազերծելու»,-ասաց փոխնախարարը:

Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ այս կարգավորումը գործելու է մինչև 2019 թվականի  մարտի մեկը և կարևորեց, որ հասարակությունը տեղեկացված լինի այն մասին, որ արգելքը շարունակելու է գործել դրանից հետո:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել